Հայաստանը պատրաստ է մասնակցելու տարանցիկ գազամուղների կառուցման ծրագրերին։ Այս մասին մարտի 12-ին Երեւանում ընթացող ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի «Ռոուզ Ռոթ» 73-րդ սեմինարի ժամանակ հայտարարել է ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների փոխնախարար Արեգ Գալստյանը՝ ավելացնելով, որ կառուցվող գազամուղների տարանցումը, եթե կատարվի Հայաստանով, ապա Եվրամիության անդամ երկրների հարկատուները դրա համար մի քանի 100 միլիոն դոլար պակաս կվճարեն։ «Այս մասին հայկական կողմը բազմիցս է նշել դեռ նախորդ դարի 90-ական թվականներին իրականացվող էներգետի ծրագրերի ժամանակ, սակայն դրական պատասխան չի ստացել, քանի որ որոշումները կայացնում են քաղաքական գործիչները, իսկ նրանք այս դեպքում տնտեսական խոհեմություն չեն դրսեւորում»,- ասաց փոխնախարարը։ Նա նշեց, որ Հայաստանը Իրանի հետ համատեղ էներգետիկ ծրագրեր է իրականացնում, եւ մտադիր է ավելի խորացնել այս հարաբերությունները, որոշ ծրագրեր կան նաեւ Վրաստանի եւ համատեղ՝ Վրաստանի ու Իրանի հետ, որոնք առաջիկայում կգործարկվեն։ Մասնավորապես դեպի Վրաստան էլեկտրաէներգիա մատակարարելու համար կկառուցվի 400 կիլովոլտանոց էլեկտրագիծ։ Իրանի հետ համատեղ Արաքս գետի վրա կառուցվում է 2 հիդրոէլէկտրակայան։ «Հայաստանը պատրաստ է նաեւ Թուրքիայի հետ նմանատիպ ծրագիր իրականացնել»,- նշեց փոխնախարարը՝ ավելացնելով, որ Հայաստանում արդեն վերականգնվել է խորհրդային տարիներին գործող եւ Թուրքիա էլեկտրաէներգիա մատակարարող 220 կիլովոլտանոց էլեկտրագիծը։