Հայաստանի գյուղատնտեսության  նախարար Սերգո Կարապետյանն այսօր ընդունել է Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Իվան Վոլինկինին՝ վերջինիս խնդրանքով: ԳՆ մամուլի ծառայությունից հայտնում են, թե նախարարը, շնորհավորելով դեսպանին Հայաստանում առաքելություն սկսելու կապակցությամբ, շեշտել է գյուղատնտեսության ոլորտում երկու  երկրների միջեւ գոյություն ունեցող ավանդական կապերը՝ ընդգծելով  բուսաբուծության, գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման, ինչպես նաեւ պտուղբանջարեղենի արտահանման ոլորտներում արձանագրված հաջողությունները:

Նորանշանակ դեսպանը, շնորհակալություն հայտնելով նախարարին ընդունելության համար, նշել է, որ մեծ ոգեւորությամբ է հետեւել Ռուսաստան ներկրված ծիրանի աննախադեպ ցուցանիշներին եւ կարծում է, որ հայկական քարքարոտ հողերի վրա է աճում աշխարհի ամենահամեղ ծիրանը: Իվան Վոլինկինը վստահեցրել է, որ կփորձի օգտակար լինել հայ-ռուսական երկուստեք շահավետ համագործակցությանը: Նա մասնավորապես հետաքրքրվել է պարենային ինքնաբավության ցուցանիշներով եւ ռուսական կողմի պատրաստակամությունն է հայտնել մասնակցել գյուղատնտեսության ապահովագրության ներդրման ծրագրերին:

 Գյուղատնտեսության նախարարը դեսպանին հայտնել է, որ մեծ են սպասելիքները Դոնի-Ռոստովի «Ռոստսելմաշ» գործարանի հետ համագործակցությունից՝ գյուղատնտեսական տեխնիկայի վերազինման առումով:Անդրադառնալով երկու երկրների գործակցությանը՝ նախարարը հույս է հայտնել, որ կհաղթահարվեն նաեւ կենդանական ծագման սննդամթերքի եւ  ձկնամթերքի արտահանման խոչընդոտները: Վերջում դեսպան Վոլինկինը շնորհակալություն է հայտնել նախարարին ընդունելության համար եւ ասել. Ես խոնարհվում եմ այս քարքարոտ հողից բերք արարող մարդկանց առջեւ, եւ նրանց գործը համարում եմ հերոսություն, իսկ իրենց՝ հերոսներ: