Ռուսաստանը շատ հնարավորություններ ունի Հայաստանի վրա ճնշում գործադրելու համար, սակայն դրանք ոչ արդյունավետ է օգտագործում:  «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում նման կարծիք է հայտնել  Chatham House-ի  Ռուսաստանի եւ Եվրասիայի բաժնի ղեկավար Ջեյմս Նիքսին:

«Ռուսաստանը կարող էր ավելի հրապուրիչ լինել հետխորհրդային երկրների համար, եթե նրանց նկատմամբ ավելի ջերմ տրամադրված լիներ: Դրա փոխարեն մենք ծայրահեղ կոշտություն ենք նկատում նշված պետությունների նկատմամբ: Չկա պատշաճ ուշադրություն` այնպիսին, ինչն անձամբ Ռուսաստանն  ակնկալում է արեւմտյան երկրներից»,-ասել է Նիքսին:

Երեւանը դեռ վերջնական ընտրություն չի կատարել ԵՄ հետ հարաբերությունների խորացման եւ Միասնական մաքսային միությանը միանալու միջեւ: ԵՄ-ի հետ համաձայնագիրը ենթադրում է քաղաքական եւ տնտեսական բարեփոխումների պատրաստակամություն, որը կառավարությունը, հնարավոր է, չի ձգտում իրականացնել: Եվրասիական միությունը, ընդհակառակը, նման հետեւանքներ չի ներառում, փոխարենը կարճաժամկետ տնտեսական արդյունք է խոստանում:

«Այդ ընթացքում Հայաստանում եվրաինտեգրման հանրային աջակցությունը աճում է: Մյուս կողմից, բավականին ոչ բնորոշ հակառուսական տրամադրությունների  ալիքը` գազի թանկացումից, Հրաչյա Հարությունյանի գործից եւ Ադրբեջանին զենքի վաճառքից հետո, կարող է հանրային գիտակցության մեջ էական տեղաշարժ լինել: Հայաստանի նախագահը պետք է այս ամենին ուշադրություն դարձնի: Կիսաավտորիտար երկրները շատ լուրջ են ընկալում հանրային տրամադրությունների աստիճանը եւ դրանք ամբողջությամբ չեն կարող անտեսել: Եւ քաղաքական առումով Ռուսաստանի առջեւ չափազանց խոնարհվելը պրն Սարգսյանի համար շատ սխալ կլիներ»,-ամփոփել է փորձագետը: