Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ 39- ամյա Բակուր Ավետիկյանը կալանավորվել է եւ նրա գործն ուղարկվել է դատարան: Շենգավիթի ընդհանուր իրավասության դատարանից NEWS.am-ը տեղեկացավ, որ սույն գործը քննվելու է իրենց մոտ:

Գործի նյութերի համաձայն՝ 39- ամյա Բակուր Ավետիկյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա աշխատելով ՀՀ Ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Շենգավիթի ոստիկանության բաժնի համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ, հանդիսանալով պաշտոնատար անձ, իր լիազորությունների շրջանակում Հովհաննես Մարտիրոսյանի օգտին ակնհայտ ապօրինի անգործության համար Կարեն Հարությունյանից պահանջել եւ ստացել է կաշառք, ապա պահանջել է կաշառք, ինչպես նաեւ դիտավորությամբ կատարել է իր լիազորություններից դուրս եկող, բռնությամբ զուգորդված գործողություններ. որոնք էական վնաս են պատճառել անձի և պետության շահերին:

Այսպես, Բակուր Ավետիկյանը 2013թ. մայիսի 16-ին ժամը 10:30-ի սահմաններում, անցնելով Շիրակի 82/18 հասցեում գտնվող տան մոտով, տեսել է, որ վերջինիս սեփականատերը տան ցանկապատի չափերի հատվածը վերակառուցում են քարե պատով: Պարզելով, որ կառուցապատողները նշված շինարարական աշխատանքները կատարում են առանց թույլտվության, նշված վարչական իրավախախտման փաստը չարձանագրելու և ըստ ենթակայության չուղարկելու համար տան սեփականատեր Հովհաննես Հարությունյանից պահանջել է կաշառք հյուրասիրություն կազմակերպելու տեսքով: Ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` Կարեն Հարությունյանը նույն օրը Բակուր Ավետիկյանի համար կազմակերպել է հյուրասիրություն, որի ընդհանուր արժեքը կազմել է 30000 ՀՀ դրամ:

Նման կերպ Բ. Ավետիկյանն ստացել է պահանջված կաշառքը: Սակայն վերջինս չբավարարվելով հյուրասիրությամբ, նույն օրը ժամը 20:00-ի սահմաններում իր աշխատասենյակում Կարեն Հարությունյանից պահանջել է նաեւ, որ Հովհաննես Մարտիրոսյանն իրեն տա նաեւ մինչեւ 100 000 ՀՀ դրամի սահմաններում կաշառք: Նշված հարցը պարզաբանելու ընթացքում Բ. Ավետիկյանի եւ Կ. Հարությունյանի միջեւ վիճաբանություն է առաջացել, որը բաժանմունքի միջանցքում վերածվել է քաշքշուկի և փոխադարձ հայհոյանքների, որի ընթացքում Բ. Ավետիկյանը, ակնհայտորեն դուրս գալով իր լիազորությունների շրջանակներից, բռնություն է գործադրել Կ. Հարությունյանի նկատմամբ ` ձեռնաշղթաներով կապել է վերջինիս ձեռքերը եւ ձեռքերով եւ ոտքերով բազմաթիվ հարվածներ հասցրել նրա մարմնի տարբեր մասերին:

Բ. Ավետիկյանի գործողությունների հետևանքով Կ. Հարությունյանն ստացել է ինչպես առողջության թեթեւ վնաս պատճառած մարմնական վնասվածքներ, ոտնահարվել են նրա իրավունքներն ու ազատությունները, ինչպես նաեւ «հեղինակազրկվել է ՀՀ ոստիկանությունը եւ նրա ծառայողների բարի համբավը, դրանով իսկ էական վնաս է պատճառվել Կ. Հարությունյանի շահերին եւ պետության օրինական շահերին»:

Քրեական գործ է հարուցվել ՀՀ քրեկան օրենսգրքի 309 հոդվածի հատկանիշներով (պաշտոնատար անձի կողմից դիտավորությամբ այնպիսի գործողություններ կատարելը, որոնք ակնհայտորեն դուրս են եկել նրա լիազորությունների շրջանակից եւ էական վնաս են պատճառել անձանց, կազմակերպությունների իրավունքներին ու օրինական շահերին): Սույն հոդվածը պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի 300-500-պատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` առավելագույնը 5 տարի ժամկետով, կամ կալանքով` 2-3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` առավելագույնը 4 տարի ժամկետով:

Քրեական գործ է հարուցվել նաեւ 311 հոդվածի  2-րդ մասով (պաշտոնատար անձի կողմից կաշառք ստանալը՝ կաշառք տվողի կամ նրա ներկայացրած անձի օգտին ակնհայտ ապօրինի գործողության կամ անգործության համար): Սույն հոդվածն էլ պատժվում է ազատազրկմամբ՝ 3-7 տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը 3 տարի ժամկետով: Խափանման միջոց ընտրվել  է կալանավորումը:

Գործը վարույթ է ընդունվել օգոստոսի 2-ին: Առաջիկայում կնշանակվի դատական քննության օրը: