«Նոր Մոսկվայում» խոշոր վթարի գործով կալանավորված հայ վարորդ Հրաչյա Հարությունյանն իրեն այցելության մեկնած Մարդու Իրավունքների պաշտպան Կարեն Անդրեասյանից խնդրել է, որ թոռան նկարն ուղարկեն իրեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնեց նրա դուստրը` Լիլիթ Հարությունյանը:

Նա փոխանցեց, որ հարազատներից որեւէ մեկը ոչ հորը տեսել են, ոչ էլ հեռախոսազրույց ունեցել, ինչպես խոստացել էին իրենց տեսակցության եկած դեսպանատան աշխատակիցները:

Երկու օր առաջ Հրաչյա Հարությունյանի մոտ է մեկնել հորեղբայրը, սակայն թույլ չեն տվել տեսակցել Հրաչյա Հարությունյանի հետ:

Հիշեցնենք, որ «Նոր Մոսկվայում» վթարը տեղի է ունեցել հուլիսի 13-ին: Մանրաքար տեղափոխող «ԿամԱԶ»-ը մեծ արագությամբ բախվել է ուղեւորատար ավտոբուսին: Տեսագրությունում երեւում է, որ բեռնատարի վարորդը փորձել է խուսափել վթարից՝ կտրուկ կերպով կողք թեքելով ավտոմեքենան: Ողբերգական միջադեպի արդյունքում զոհվել է 18 մարդ, մոտ 50 մարդ տարբեր աստիճանի վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Հայաստանի քաղաքացի Հրաչյա Հարությունյանը դատարան է տարվել կանացի ծաղկավոր խալաթով: Հարությունյանը Բոտկինի հիվանդանոցում էր, սակայն հետաքննության պահանջով՝ բժիշկները նրան դուրս են բերել դեղորայքային քնից: Նրան առանց սափրվելու, հողաթափերով եւ կանացի խալաթով դատարան են բերել: Այդ փաստը հարուցել էր հայ հասարակության բուռն դժգոհությունը, եւ Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան առջեւ բողոքի ակցիաներ են կազմակերպվել: Նա Ռուսաստան էր մեկնել որդու շիրմաքարի համար գումար վաստակելու: