Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի փողոցներից մեկում օգոստոսի 14-ին հայտնաբերված այրված տղամարդը`  41-ամյա Արմեն Մովսիսյանը, տաքսու վարորդ է աշխատել: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի ոստիկանությանը մոտ կանգնած աղբյուրները:

Իսկ դեպքի վայրում հայտնաբերված Daewoo Nexia մակնիշի մեքենան, որից մի քանի մետր հեռավորությամբ հայտնաբերվել է տղամարդու դին, որպես տաքսի վարում էր վարձակալությամբ:

Մեր տեղեկություններով` նա ամուսնացած էր, ուներ երկու երեխա, բայց, շրջանառվող տեղեկությունների համաձայն, անհաշտություններ ուներ կնոջ հետ:

Մահացածը ապրում էր Ջրվեժ թաղամասի ամառանոցներից մեկում, եւ քանի որ այդտեղ լինում էր ամռան ամիսներին, ուստի` հարեւանները շատ բան չգիտեին նրա մասին: Արմեն Մովսիսյանին ճանաչողները նրան բնութագրել են որպես հանգիստ մարդ, ով առանձնապես թշնամիներ չունի:

Առայժմ միջադեպի մասին ստույգ տվյալներ չկան, հայտնի չէ` նրան սպանել են` այրելով, թե ինքնահրկիզվել է:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Կոտայքի մարզի Ջրվեժ թաղամասի փողոցներից մեկում այսօր՝ օգոստոսի 14-ին, հայտնաբերվել է տղամարդու այրված դի: Նա Վայքի բնակիչ, 41-ամյա Արմեն Մովսիսյանն է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական ՀՀ Քր.օր.-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: