Ընկերուհի ջան այդ «Պորշ Կայեն»-ը նվիրատվության վկայական ունի, որը նվիրել են ոչ թե ինձ, այլ՝ իմ աղջկան: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ահա այսպես արտահայտվեց Լիանա Շահբազյանը, որը ՀՀԿ-ական պատգամավոր Աշոտ Աղաբաբյանին մեղադրում է իրեն եւ դստերը վերացնելու սպառնալիքներ տալու մեջ: Նրա հետ հարցուպատասխանը ներկայացնում ենք ստորեւ:
Հարգելի Լիանա, Ձեր հասցեին հնչեցված սպառնալիքների հարցով եմ զանգահարել: Հնարավո՞ր է հանդիպենք խոսենք:
Գիտեք, ես հիմա այնքան վատ եմ ինձ զգում:
Մենք կարող ենք գալ Ձեր տուն:
Հիմա ես ոչինչ չեմ կարող խոսել մինչեւ չտեսնեմ, թե գործն ինչ ընթացք է ստանում: Իսկ իմ համարը որտեղի՞ց գիտեք: Ես ինչ իմանամ, որ Դուք լրագրող եք:
Դե դրա համար էլ ասում ենք գանք, հանդիպենք, խոսենք:
Չէ, շնորհակալ եմ:
Ձեր հասցեին սպառնալիքները շարունակվո՞ւմ են, թե՞ ոչ:
Չէ: Բայց անգամ իմ ձեռքի հեռախոսահամարն եմ փոխել: Սպառնալիքը որն է: Պարզ չի՞, որ քանի դեռ գործը քննության մեջ է, նրանք ոչինչ եւ ոչ մի բան էլ ոչ կասեն, ոչ կանեն:
Գործից ի՞նչ ակնկալիքներ ունեք:
Ես ուղղակի օբյեկտիվ քննություն եմ խնդրում:
Տեսեք, հակառակ կողմ էլ ասում է, որ Աշոտ Աղաբաբյանին մոտավորպես 5 մլն-ի պարտք ունեք եւ այս մեղադրանքները հնչեցնում եք, որ այդկերպ զերծ մնաք պարտքերը մարելուց:
Ես ոչինչ չեմ կարող պատասխանել: Կներեք:
Ասում են նաեւ, որ ձեր վարած «Պորշ Կայեն» ավտոմեքենան պարտքի փոխարեն տարել թողել եք այնտեղ, ինչը նաեւ տեսախցիկներն են ֆիքսել, հետո հաղորդում եք տվել, թե ձեր մեքենան առեւանգել են:
Ընկերուհի ջան, այդ «Պորշ Կայեն»-ը նվիրատվության վկայական ունի, որը նվիրել են, ոչ թե ինձ, այլ իմ աղջկան:
Իսկ ո՞վ է նվիրել:
Դա արդեն ավելորդ հարց է:
Այնտեղի աշխատակիցները պատմում են, որ դուք որպես հավաքարար եւ մատուցող եք գրանցված եղել, բայց ձեզ նման ճոխություններ եք թույլ տվել:
Ե՞ս: Ամեն ինչ էլ կարող են ասել: Ես ունեմ բեյջ, որը տվել են եւ կարող եմ ցույց տալ:
Եվ, եթե ոչ հավաքարար եւ մատուցողուհի, ապա ի՞նչ եք աշխատել:
Ոչինչ էլ չեմ աշխատել:
Բա այնտեղ ի՞նչ կարգավիճակ եք ունեցել:
Հիմա Դուք ի՞նչ եք ուզում ինձնից:
Ցանկանում եմ, որ այդ մեղադրանքներին արձագանքեք:
Թող ասեն ինչ ուզում են:
Ի դեպ, հայտարարել էիք, որ Աշոտ Աղաբաբյանը ասել է, թե 2 հազար դոլար կտա ձեզ եւ ձեր աղջկան կվերացնեն: Կարծում եք, որ այդ գումարով կարելի է մարդասպա՞ն վարձել:
Կներեք դուք ինձ հասցրեցիք նրան, որ կարող է սկոռի կանչեն ինձ համար:
Հարցերը կիսատ թողնելով Լիանա Շահբազյանը անջատեց հեռախոսը:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Աշոտ Աղաբաբյանը, ով, ըստ լրատվամիջոցների հրապարակումների, սպառնացել է վերացնել «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակցին, NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել էր, որ Լիանա Շահբազյանի հայտարարություններով թող զբաղվեն իրավապահները, եթե ինքը ինչ-որ մեկին սպառնացել է: «Դրա համար կա օրենք, դատարան»,- ասել էր ԱԺ պատգամավորը:
Նա տեղեկացրել էր, որ ճանաչում է Լիանա Շահբազյանին, իր մոտ է աշխատել, «Ես լսել եմ, որ ինքը մեծ պարտքեր ունի, էն որ պարտք է ինձ, ես գիտեի, բայց գիտեմ նաեւ, որ շատ-շատերին է պարտք ու շատ վաղուց, գումարներ վերցրել է տարբեր պատրվակներով, հիմա պարտքերը փակելուց խուսափելու համար ինչ կուզի, կասի: Զարմանում եմ, որ 21-րդ դարում մարդկանց կարելի է սպառնալ», -ասել էր Աշոտ Աղաբաբյանը:
Նշենք, որ «Փաստինֆոն» գրել էր, որ «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ի նախկին աշխատակից Լիանա Շահբազյանը հաղորդում է ներկայացրել ԱԺ պատգամավոր Աշոտ Աղաբաբյանի, նույն ինքը` «Բուռնաշի» դեմ` նշելով վերջինս սպառնացել է վերացնել իրեն եւ աղջկան, իսկ փեսան էլ առեւանգել է իր անձնական օգտագործման «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան: «Փաստինֆո»-ի տեղեկությունների համաձայն՝ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում Շահբազյանի հաղորդման հիման վրա, ով երկար տարիներ աշխատել է «Հրազդան Հոլդինգ» ՓԲԸ-ում՝ որպես կառավարական օթյակում խոհանոցային եւ հավաքարարների աշխատանքները կառավարող: Նշված ընկերության հիմնադիրն Աշոտ Աղաբաբյանն է:
Լ. Շահբազյանը մոտ 1 տարի առաջ Աշոտ Աղաբաբյանից պարտքով վերցրել է 5 մլն. դրամ` բիզնես սկսելու համար: Ընդ որում, գումարը նրան տվել է ոչ թե անձամբ Աղաբաբյանը, այլ նույն ընկերության աշխատակից Արմեն Այվազյանը` Աղաբաբյանի հանձնարարությամբ: Գումարը Շահբազյանն օգտագործել է ու չի կարողացել վերադարձնել: Բացի այդ, կուտակել է նոր պարտքեր: 2013թ. հունիսին ազատվել է աշխատանքից, քանի որ ստացած աշխատավարձով չի կարողացել վերադարձնել ունեցած պարտքերը, եւ խնդրել Աշոտ Աղաբաբյանին իրեն տրամադրել աշխատանքի վերաբերյալ տեղեկանք, որպեսզի կարողանա իր «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան բանկում գրավ դնի եւ ստացած վարկի գումարով փակի պարտքերը:
Պայմանավորվածության համաձայն՝ «Հրազդան կենտրոնական մարզադաշտ» ՓԲԸ-ի տնօրեն Գագիկ Ժամհարյանի հետ գնացել են «Յունիբանկ» ՓԲԸ-ի մասնաճյուղերից մեկը, սակայն Գագիկ Ժամհարյանը հայտնել է, որ անհրաժեշտ փաստաթղթերը չի կարող տրամադրել: Արդեն «Հրազդան» մարզադաշտում Գագիկ Ժամհարյանը, ըստ դիմումատուի, առաջարկել է իրեն Աշոտ Աղաբաբյանի անվամբ տալ ավտոմեքենայի վերաբերյալ լիազորագիր, որով կգրավադրվի ավտոմեքենան «HSBC» բանկում եւ ստացված վարկի գումարով կփակվի պարտքերը, որին ինքը չի համաձայնել: Խոսակցությանը միջամտել է Աշոտ Աղաբաբյանի փեսան` Վարդան Հարությունյանը, ով պահանջել է շուտափույթ վերադարձնել պարտքերը:
Շահբազյանը գրել է նաեւ պարտավորագիր՝ Աշոտ Աղաբաբյանին 20.200 ԱՄՆ դոլար պարտք լինելու մասին` դրա մեջ ներառելով նաեւ ընկերության մյուս աշխատակիցներից վերցված գումարները: Մինչեւ պարտքերը վերադարձնելը, ըստ տիկնոջ, Գագիկ Ժամհարյանն ու Վարդան Հարությունյանը առաջարկել են «Պորշ Կայեն» մակնիշի ավտոմեքենան պահել իրենց մոտ, որին ինքը չի համաձայնել, ապա նաեւ նկատել է, որ սեղանի վրայից բացակայում է ավտոմեքենայի բանալին, իսկ Գագիկ Ժամհարյանի աշխատասենյակից դուրս գալուց հետո իր կայանած վայրում չի հայտնաբերել ավտոմեքենան: Լ.Շահբազյանի ենթադրությամբ հնարավոր է այն առեւանգել է իրենից առաջ աշխատասենյակից դուրս եկած Վարդան Հարությունյանը:
Ի դեպ, Լիանա Շահբազյանը ոստիկանությունում նաեւ հայտնել է, որ Աշոտ Աղաբաբյանն իր աշխատասենյակում պարտքի վերադարձման հետ կապված խոսակցության ընթացքում սպառնացել է իրեն, որ 2000 ԱՄՆ դոլար կտա մեկին` իրեն ու աղջկան` Դիանա Շահբազյանին, կվերացնեն, ինչից էլ ինքը վտանգ է զգում եւ վախենում նշված սպառնալիքից: Ոստիկանությունից հայտնեցին, որ նախապատրաստված նյութերը ուղարկվել են Հատուկ քննչական ծառայություն: Իսկ ՀՔԾ-ից NEWS.am-ին հայտնել էին, որ նյութերը դեռ չեն ստացել:




























