Այսօր` մարտի 16-ին Գերմանիայի դեսպան Հանս-Յոխեն Շմիդթը և ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը Երևանում Համաձայնագիր են ստորագրել Գերմանիայի եւ Հայաստանի միջեւ 2009-2010թթ. ֆինանսական համագործակցության մասին։

Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է Գերմանիայի դեսպանությունից, Համաձայնագրի ստորագրմանը նախորդել են 2009թ. ամռանը տեղի ունեցած ակտիվ միջկառավարական բանակցությունները, որոնք, ինչպեսեւ Համաձայնագիրն ինքնին, արտահայտությունն են զարգացման քաղաքականության շրջանակում երկու երկրների միջև ծավալված երկար տարիների սերտ և վստահելի համագործակցության։

Համաձայնեցված և շարունակվելիք նախագծերի շրջանակը շրջակա միջավայրի և կայուն տնտեսական զարգացման խնդիրներից ձգվում է մինչև վերականգնվող էներգակիրների և համայնքային ենթակառուցվածքների աջակցություն։ ԳԴՀ-ի շարունակվող ջանքերն ուղղված են Հայաստանում մարդկանց կենսապայմանների բարելավմանը, ինչպես նաև Հայաստանի տնտեսական զարգացմանն ու անցումային դժվարությունների հաղթահարմանը։

Գերմանիան պարտավորվում է Հայաստանին 2009-2010թթ. կտրվածքով երկկողմ ֆինանսական համագործակցության շրջանակում հատկացնել մինչև 105,5 մլն եվրո։ Բացի այդ՝ հատկացվում են նաև միջոցներ՝ «Կովկասյան նախաձեռնության» շրջանակում տարածաշրջանային ծրագրերի իրագործման համար մինչև 12 մլն եվրոյի չափով։

Ֆինանսական համագործակցության 1995թ. մեկնարկից մինչ օրս Գերմանիան Հայաստանին է հատկացրել մոտ 220 մլն եվրո՝ վարկերի և դրամաշնորհների տեսքով։