Հայաստանի եւ Իրանի միջեւ ազատ առեւտրի մասին պայմանագիր կգործի։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց Զարգացման հայկական գործակալության գլխավոր տնօրեն Ռոբերտ Հարությունյանը՝ ավելացնելով, որ երկու երկրների միջեւ միջկառավարական հանձնաժողովի հունվարին կայացած նիստի ժամանակ Իրանի եւ Հայաստանի էկոնոմիկայի նախարարություններին հանձնարարվել է մշակել պայմանագրի տեքստը։ Ըստ նրա՝ նախնական պայմանավորածության համաձայն՝ երկու երկրները ներմուծվող ապրանքների նկատմամբ հարկերը զրոյացնելու են։ «Իրանի 80 միլիոն բնակչությամբ շուկան շատ կարեւոր է Հայաստանի համար, սակայն միչեւ օրս հնարավոր չէր մուտք գործել այնտեղ, քանի որ օտարերկրյա ապրանքների նկատմամբ բավականին մեծ հարկեր են գործում»,- նշեց Հարությունյանը՝ ավելացնելով, որ քննարկվում են նաեւ բեռնափոխադրման հարցերը։
Տեղեկացնենք, որ ներկայումս հայկական ընկերությունները իրավունք չունեն Իրանի տարածքից բեռներ փոխադրել։ Փոխադրումն իրականացնում են միայն իրանական ընկերությունները։



























