Հայաստանի պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները` իրացնելով օպերատիվ տվյալները, մայրաքաղաքում օրերս բացահայտել են ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հերթական դեպքը:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, ՕՀՎ Խորհրդայինի բաժնի աշխատակիցները պարզել են, որ քաղաքացի Ա.Մարտիրոսյանն այս տարվա մարտի 1-ից բաղնիք է բացել և աշխատացրել` առանց համապատասխան պետական գրանցման և հարկային մարմիններում հաշվառվելու, դրա համար էլ նա այդ գործունեությունը ծավալել էր հիմնականում գիշերային ժամերին: Ապօրինի ձեռնարկատիրությունը Մարտիրոսյանին բերել է շուրջ 400 հազար դրամի հասույթ: ՕՀՎ աշխատակիցների կողմից ապօրինի գործունեությունը դադարեցվել է:
Մեկ այլ ապօրինի ձեռնարկատիրության դեպք են բացահայտել Օպերատիվ հետախուզության վարչության Իջևանի բաժնի և տարածքային հարկային տեսչության աշխատակիցները:
Ըստ այդմ, Ազատամուտ գյուղի մերձակայքում ստուգման պահին հայտնաբերվել և արձանագրվել է փայտածուխի արտադրության 15 կետ: Գույքագրման ընթացքում ՊԵԿ աշխատակիցներն արձանագրել են շուրջ 2 հազար խմ վառելափայտի թափոն, 270 պարկ պատրաստի և դեռևս վառարաններում գտնվող կիսաֆաբրիկատ փայտածուխ:
Իջևանի տարածքային հարկային տեսչությունից ստացված տվյալներով, ապօրինի գործունեությամբ` փայտածուխի արտադրությամբ, զբաղվել են 5 տնտեսվարող սուբյեկտներ. նրանց հարկային պարտավորությունները մինչև այս տարվա մարտ ամիսը կազմում են շուրջ 700 հազար դրամ: Ուսումնասիրությունների արդյունքում հայտնաբերվել են Տավուշի մարզի Ազատամուտ գյուղի բնակիչներ Վարդան Աթաբեկյանը և Էդգար Գաբրիելյանը, ովքեր և զբաղվել են ապօրինի ձեռնարկատիրությամբ` առանց հարկային մարմիններում հաշվառվելու: Նրանց նկատմամբ կազմվել է համապատասխան արձանագրություն: Իրականացվում է վարչական վարույթ:
ՊԵԿ-ի համապատասխան ստորաբաժանումների կողմից այժմ աշխատանքներ են տարվում` նշված տնտեսվարողների կողմից վառելափայտի ձեռք բերման աղբյուրների և իրացման շրջանառության իրական ծավալների ճշտման ուղղությամբ:
Ապօրինի գործունեությամբ զբաղվող անձանց հայտնաբերելու և պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ օպերատիվ միջոցառումները շարունակվում են:



















