Այսօր մարտի 17-ին Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան հայտարարություն է տարածել, որտեղ իր մտահոգությունն է հայտնել երկրում լայն սպառման ապրանքների եւ ծառայությունների շարունակական գնաճի կապակցությամբ՝ փաստելով, որ դա ծանր հետեւանքներ կունենա բնակչության ապրելակերպի վրա:

Լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կոնֆեդերացիայի փոխնախագահ Բորիս Խառատյանը նշել է, որ եթե հնարավոր չէ զսպել գնաճը, պետք է լինեն համապատասխան մեխանիզմներ, որոնք կկանխարգելեն գնաճի բացասական ազդեցությունը հասարակության վրա: «Պետք է ստեղծվեն կանխարգելիչ միջոցներ, որպեսզի այդ գների աճը մեծ ազդեցություն չունենա աշխատողների կենսամակարդակի վրա: Այսօր խոսքը հիմնականում սոցիալապես անապահով խավերի մասին է, որ դրանց մասին հոգան, որոշ միջոցներ ձեռնարկեն եւ այլն: Բայց, եթե դիտարկենք աշխատողներին, մենք ունենք զգալի թվաքանակով աշխատողներ, որոնց վրա նույնպես անդրադառնում է այս հարցը, եւ ոչ մի կերպ հնարավոր չէ այն կարգավորել», — ասել է նա, որպես այդպիսի մեխանիզմ առաջարկելով «աշխատավարձի ինդեքսավորումը», որը կարող է պաշտպանել աշխատողին:

Հայաստանի արհմիությունների կոնֆեդերացիան իր հայտարարության մեջ հույս է հայտնում, որ պետական մարմինները միջոցներ կձեռնարկեն սոցիալական բեռը թեթեւացնելու ուղղությամբ: Բորիս Խառատյանը ակնկալում է, որ կառավարությունը իրենց հայտարարությանը կարձագանքի «ողջամիտ ժամկետներում»: