Միջազգային շուկայում մոտ 30%-ով նվազել են թեյի գները` պայմանավորված Եգիպտոսում սպառման ծավալների կտրուկ անկմամբ:  Եգիպտոսն աշխարհում թեյի 5 խոշոր սպառողներից մեկն է, սակայն քաղաքական անկայունության պատճառով երկում թեյի օգտագործումը կտրուկ նվազել է:

Սպասվում է թեյի գների հետագա անկում` եթե Եգիպտոսում վաճառքը շարունակի անկում ապրել:

Հայկական շուկայում թեյի գների փոփոխություններ չկան: Մեր դիտարկումները ցույց տվեցին, որ «Լիպտոն» թեյի տուփը (100 գրամ) նախկին պես վաճառվում է 570-580 դրամով, «Դիլման»` 540-570 դրամով, «Ահմադը»` 570-630 դրամով: Նախորդ ամիսների համեմատ որեւէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Աշխարհում թեյի խոշորագույն արտահանողներն են Քենիան, Շրի Լանկան ու Հնդկաստանը: Եգիպտական ճգնաժամից տուժել են հատկապես քենիական ու հնդկական արտադրողները: Այսպես` միջին որակի քենիական Pekoe Fanning թեյի կգ-ի արժեքը միջազգային շուկայում իջել է մինչեւ 2.64 դոլար` 34%-ով պակաս նախորդ տարվա համեմատ:

Հայաստանին թեյի խոշորագույն մատակարարը Շրի Լանկան է: Տարեկան ներկրում ենք 300-400 տոննա թեյ, որի մոտ կեսը` Շրի Լանկայից: Քենիայից ու աֆրիկյան այլ երկրներից համարյա ներմուծումներ չկան, իսկ Հնդկաստանից ներկրվում է տարեկան 10 տոննայից ոչ ավելի: Բացի այդ` հայկական որոշ ընկերություններ աֆրիկյան թեյը ներկրում են Գերմանիայից ու Ռուսաստանից, որտեղ դրանք վերամշակվում ու փաթեթավորվում են, հագեցվում են արոմատիզատորներով, հետեւաբար` ավելի քիչ են ենթակա գնային տատանումների: Հայաստան թեյի խոշոր մատակարար է նաեւ Արաբական Միացյալ Էմիրությունները (տարեկան 70-80 տոննա) ու Վրաստանը (30-40 տոննա):

Հայաստանը թեյ ներկրում է կգ-ը միջինը 7 դոլարով: Այս գնով հիմնականում ներկրվում են բարձր որակի թեյերը, որոնց գները միջազգային շուկայում էապես չեն իջել: Գնային փոփոխությունները միջազգային շուկայում հիմնականում վերաբերում են ցածր ու միջին որակի թեյերին:

Սակայն, բոլոր դեպքերում, գնային փոփոխությունները վաղ թե ուշ պետք է հասնեն նաեւ Հայաստան: Եթե միջազգային շուկայում գների անկումը պահպանվի, իսկ Հայաստանում այն չարտացոլվի` նշանակում է ներկրողները տեղափոխվում են գերշահույթների դաշտ: Նշենք, որ Հայաստանում թեյի ներկրմամբ զբաղվում են մոտ տասնյակ ընկերություններ, նրանցից որեւէ մեկը գերիշխող դիրք չի գրավում:

Պատրաստեց` Սամվել Ավագյանը