Քալիֆորնիական Գլենդել քաղաքում գտնվող «Abril» գրախանութը հանդիպում է կազմակերպում պատմաբան Արա Սաֆարյանի հետ, ով կներկայացնի Թոմաս Մկրտչյանի «Զանգվածային սպանությունները Դիարբեքիրում եւ քրդական վայրագությունները» գրքի վերջերս թողարկված անգլերեն հրատարակությունը: Այդ մասին գրում է «Pasadena Weekly»-ն:

Արա Սաֆարյանը կկարդա հատուկ դասախոսություն՝ «2015թ. եւ այլն. հայերի ցեղասպանության առթիվ օրակարգի որոշում» թեմայով:Արա Սաֆարյանը Օսմանյան կայսրության պատմության մասնագետ է, ինչպես նաեւ հանդիսանում է Լոնդոնում Կոմիտասի անվան ինստիտուտի տնօրեն: Նա բազում հրապարակումներ ունի, այդ թվում բրիտանական խորհրդարանական «Կապույտ գրքի» քննադատական հրատարակությունը՝ «Հայերի հանդեպ վերաբերմունքը Օսմանյան կայսրությունում 1915-1916թթ.-ին» վերնագրով:

Այս տարի Սաֆարյանը գլխավորել է Դիարբեքիրում հայերի ցեղասպանության հիշատակին նվիրված առաջին հրապարակային միջոցառումը եւ հանդես  է եկել Բիթլիսի վերաբերյալ նոր նախաձեռնությամբ: Նա ժամանել է Քալիֆորնիա եւ սեպտեմբերի 3-8-ը դասախոսություններ կկարդա: