ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանն ընդունել է «Պետրոֆ» (Petrof) չեխական ընկերության սեփականատեր և գործադիր տնօրեն Զուզանա Ցերալովա Պետրոֆովային: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի Հանրապետությունում Չեխիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Պետր Պիրունչիկը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից:
Ողջունելով հյուրերին՝ նախարարի տեղակալ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ բարձր է գնահատում հայ-չեխական մշակութային երկկողմ հարաբերությունները և ընդգծել, որ «Petrof» ապրանքանիշի բարձրակարգ դաշնամուրները քաջածանոթ ու սիրված են հայ երաժշտական արվեստի ներկայացուցիչների և լայն հանրության կողմից:

Ներկայացնելով ընկերության համագործակցության առաջարկը՝ Զուզանա Ցերալովա Պետրոֆովան պատմել է, որ դաշնամուրներն ու երաժշտական այլ բարձրակարգ գործիքներն արտադրվում են Չեխիայի Հրադեց Կրալովե քաղաքում:
Կողմերը քննարկել են երկկողմ փոխգործակցության ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարային ծրագրերը: Անդրադառնալով հետագա գործնական քայլերին՝ Տիգրան Վիրաբյանը նշել է, որ համապատասխան առաջարկությունների փաթեթը կքննարկվի շահառու կազմակերպությունների ու երաժշտական ուսումնական հաստատությունների հետ:
Հանդիպման շրջանակում անդրադարձ է կատարվել նաև մշակութային փոխանակումներին՝ համատեղ համերգային ծրագրերի իրականացմանն ու ստեղծագործական կապերի ամրապնդմանն ուղղված այլ նախաձեռնություններին:





























