Ղազախստանում աջակցում են Հայաստանի՝ Մաքսային միությանն անդամակցելու որոշմանը, հայտարարել է Ղազախստանի տնտեսական ինտեգրացիայի հարցերով նախարար Ժանար Այթժանովան:

 «Կարծում եմ՝ Ղազախստանի դիրքորոշումը կարտահայտվի նաեւ բարձր քաղաքական մակարդակում: Սակայն ընդհանուր առմամբ, Մաքսային միությունը բաց կազմակերպություն է նոր մասնակիցների համար»,-ասել է նա: «Եթե դա երկրի ղեկավարության քաղաքական որոշումն է, ապա մենք աջակցում ենք դրան»,-հավելել է նա, փոխանցում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Նրա խոսքով՝ Մաքսային միությանն անդամակցելու դեպքում Հայաստանը մի շարք ընթացակարգերի միջով պետք է անցնի, այդ թվում՝ պետք է իր օրենսդրությունը համապատասխանեցնի այդ կազմակերպությանը: «Հայաստանը նաեւ Առեւտրի համաշխարհային կազմակերպության անդամ է, այդ պատճառով այնտեղ եւս որոշակի ընթացակարգեր պետք է անցնի»,-ասել է նա: