Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանն այսօր՝ մարտի 18-ին ընդունել է Սլովակիայի արտաքին գործերի նախարար Միրոսլավ Լայչակին:
Հայաստանի կառավարության տեղեկատվության հասարակայնության հետ կապերի վարչությունից NEWS.am-ին հայտնում են, որ Հայաստանի եւ Սլովակիայի միջեւ համագործակցության ինտենսիվության ներկայիս մակարդակը նպաստավոր նախադրյալներ է ստեղծում այն խորացնելու համար:
Սլովակիայի արտաքին գործերի նախարարն իր հերթին նշել է, որ իրեն ուղեկցում է գործարարների եւ ներդրողների պատվիրակություն, ովքեր ուսումնասիրում են Հայաստանում ներդրումներ իրականացնելու հնարավորությունները:
Զրուցակիցներն անդրադարձել են Եվրոպական Միության «Արեւելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում Հայաստան- Սլովակիա համագործակցության ընդլայնմանը: Տիգրան Սարգսյանը բարձր է գնահատել Սլովակիայի ակտիվ մասնակցությունն այդ ծրագրի իրագործմանը: Փոխադարձաբար ընդգծվել է, որ Սլովակիայի փորձը կարող է օգտակար լինել Հայաստանի համար: Պարոն Լայչակը նշել է, որ այս տարի իրենց հանրապետությունն ստանձնելու է "Վիշեգրադի քառյակիե նախագահությունը եւ նախատեսում է հանդիպում կազմակերպել այդ խմբի եւ «Արեւելյան գործընկերություն» ծրագրի մասնակից երկրների միջեւ:
Սլովակիայի արտաքին գործերի նախարարը վերահաստատել է ՀՀ վարչապետին ուղղված Սլովակիա այցելելու հրավերը:
Հյուրի խնդրանքով վարչապետը ներկայացրել է ՀՀ կառավարության կողմից իրականացված հակաճգնաժամային միջոցառումները: Զրուցակիցներն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային հիմնախնդիրներին:



























