Այսօր՝ սեպտեմբերի 8-ին Վանի Աղթամար կղզու Սուրբ Խաչ եկեղեցում տեղի է ունենալու 4–րդ պատարագը Հայոց ցեղասպանությունից 98 տարի անց:
Ինչպես տեղեկացնում է NEWS.am-ի թղթակիցը Վանից, Աղթամարի Սուրբ Խաչի պատարագի նախապատրաստական աշխատանքներն արդեն ավարտվել են եւ Պոլսո հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ արք. Արամ Աթեշյանի գլխավորությամբ տեղի է ունենալու պատարագը:
Վանի զբոսաշրջային կառույցների պատասխանատուների եւ անվտանգության ուժերի ներկայացուցիչների հետ վերջին հանդիպման ժամանակ Վանի նահանգապետը կրկին հիշեցրել է, որ պատարագը պետք է անցնի լավ մթնոլորտում եւ առանց միջադեպերի, որի համար բոլորը պետք է աշխատեն:
Թեեւ ավելի վաղ նշվում էր, թե այս տարի պատարագի նկատմամբ հետաքրքրությունը նվազել է, սակայն Ստամբուլից, Հայաստանից եւ աշխարհի այլ երկրներից Վան ժամանող հայերի մեծ քանակը հակառակն է ապացուցում:
Հայաստանից ժամանած ուխտավորների մեջ կան նաեւ հայտնի քաղաքական եւ հասարակական գործիչներ:
Թուրքիայի կառավարության միջոցներով Աղթամարի Սուրբ Խաչը 2007–ին վերանորոգվել է եւ բացվել է այցելությունների համար որպես թանգարան: Այնուհետ Պոլսո Հայոց պատրիարքարանը դիմել էր Թուրքիայի կառավարությանը՝ Աղթամարի Սուրբ Խաչում տարին մեկ անգամ պատարագ իրականացնելու թույլտվություն ստանալու համար: 2010-ի մարտին Թուրքիայի մշակույթի նախարար Էրթուղրուլ Գյունայը հայտարարեց, թե արդեն կա Սուրբ Խաչում պատարագ իրականացնելու եւ եկեղեցու գմբեթին խաչ տեղադրելու թույլտվությունը: Պատարագի անցկացման օր նշանակվեց սեպտեմբերի երկրորդ կիրակի:
Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցին 915-921 թվականներին կառուցվել է Վասպուրականի իշխան Գագիկ Արծրունու պատվերով` ճարտարապետ, քանդակագործ և նկարիչ Մանվելի կողմից։ Տաճարի արտաքին պատերը զարդարված են 6 հորիզոնական շարք կազմող զարդաքանդակներով, որոնք չեն խախտում պատերի հարթությունը։ Զարդաքանդակները ստեղծելիս Մանվելը հաշվի է առել հնարավոր դիտանկյունները և տարբեր ժամերի լուսավորությունը։ Պատերից մեկի վրա Գագիկ Արծրունու դիմաքանդակն է, կողքին՝ ողջ հասակով Քրիստոսը, որին արքան պարզում է եկեղեցու մանրակերտը։




























