Մարտի 9-ի կայացել է ՀՀ Կենտրոնական բանկի (ԿԲ) խորհրդի նիստը, որտեղ անդրադարձ է եղել նաեւ երկրում գնաճի հետագա զարգացումներին և դրամավարկային քաղաքականության ուղղություններին:
Ինչպես NEWS.am-ը տեղեկանում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից, ԿԲ Խորհուրդը համաձայնել է, որ 2010 թ. փետրվարին իր բարձրակետին հասնելուց հետո 12-ամսյա գնաճը հետագայում նվազելու է, սակայն կանխատեսվող հորիզոնում գերազանցելու է նպատակային թիրախը:
Եւ սա այն դեպքում, երբ անզեն աչքով էլ տեսանելի է, որ արդեն մարտ ամսին փետրվարի համեմատ գրեթե բոլոր ապրանքատեսակների գները կտրուկ աճ են արձանագրում, այդ թվում՝ բենզինն ու ձեթը: Այսինքն ստացվում է, որ ԿԲ խորհրդի անդամները չեն տեսնում այն, ինչ տեսանելի է սովորական քաղաքացիների համար:
ԿԲ խորհուրդը նաեւ կանխատեսվում է, որ գնաճի վարքագիծը պայմանավորող հիմնական գործոններ են լինելու ապրիլից հիմնական կոմունալ ծառայությունների թանկացումը, արտաքին հատվածից փոխանցվող գնաճային ճնշումները և տնտեսական ակտիվության վերականգնման միտումների պահպանումը: Խորհուրդը նշել է, որ գնաճի սպասվող զարգացումներին համահունչ դրամավարկային պայմանների աստիճանական խստացման քաղաքականության նպատակը շարունակում է մնալ աստիճանաբար դրական իրական տոկոսադրույքների ձևավորումը: Վերջինս թույլ կտա կանխատեսվող հորիզոնում նվազեցնել գնաճի շեղումները նպատակային թիրախից և մոտ ապագայում ապահովել այն` հնարավորինս աջակցելով տնտեսական աճի վերականգնմանը:
Նիստի ավարտին Խորհուրդը որոշել է կրկին բարձրացնել ԿԲ վերաֆինանսավորման տոկոսադրույքը` սահմանելով այն 6.5%: Ներգրավված ավանդների և լոմբարդային ռեպոների տոկոսադրույքները սահմանվեցին համապատասխանաբար` 3.5% և 9.5%:



















