Համաշխարհային բանկը նախկինի պես կանխատեսում է, որ այս տարի ՀՀ տնտեսական անկումը կկազմի 9-11 տոկոս, իսկ սղաճը՝ 3 տոկոս: ՀԲ-ի երեւանյան գրասենյակի ղեկավար Արիստոմենե Վարուդակիսն այսօր հայտարարել է, թե Հայաստանի տնտեսությունը կայունանում է, ինչի ապացույցը, ըստ պաշտոնյայի, շինարարական ոլորտի ցուցանիշներն են:

Ավելին, ըստ Վարուդակիսի՝ անկումն ավելի քիչ կլինի, քան իրենք էին կանխատեսում: Նա նաեւ նշել է, թե ոռոգման համակարգի վերականգնման նպատակով ՀԲ-ն Հայաստանին 30 մլն դոլար վարկ կտրամադրի: Այդ միջոցներն ուղղվելու են Արմավիրում եւ Թալինում 84 կմ ընդհանուր երկարությամբ ջրագծերի վերանորոգմանը, ինչը ջրի կորուստները կնվազեցնի մինչև 70 հազար խորանարդ մետրով եւ կօգնի վերականգնել մոտ 7300 հեկտար զբաղեցնող հողատարածքների ոռոգումը: Ծրագրի ավարտին, վերականգնման աշխատանքների ուղղակի շահառուները կլինեն 73 համայնքների մոտ 39000 ջրօգտագործողներ: Ոռոգման համակարգի վերականգնման ծրագրի իրականացումը ենթադրում է 9 հազար նոր աշխատատեղերի բացում: Վարկի մարման ժամկետը կազմում է 27 տարի` 5 տարի արտոնյալ ժամկետով: