Շվեդիայի արտաքին գործերի նախարար Կարլ Բիլդտը, սեպտեմբերի 9-ին, twitter-ի իր միկրոբլոգում կրկին անդրադարձել է Հայաստանի` ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագրի ստորագրման հեռանկարին:
Նա, մասնավորապես, գրել է. «Համաձայն եմ Միրոսլավ Լարջքակի (Սլովակիայի փոխվարչապետ և արտաքին գործերի ու եվրոպական հարցերի նախարար-խմբ) հետ, որ Հայաստանի հետ Ասոցացման համաձայնագիրն օրակարգից դուրս է: Մենք աշխատում ենք Ուկրաինայի, Մոլդովայի և Վրաստանի հետ»:
Նշենք, որ ավելի վաղ Կարլ Բիլդտը, անդրադառնալով Հայաստանի՝ Մաքսային Միություն մտնելու մտադրությունը, իր միկրոբլոգում նշել էր. «Թվում է, Հայաստանը կդադարեցնի ԵՄ-ի հետ ազատ առեւտրի գոտու ստեղծման համաձայնագրի շուրջ բանակցությունները եւ դրա փոխարեն կգնա ինտեգրվելու Ռուսաստանին: Սա 180 աստիճանի շրջադարձ է»:
Հիշեցնենք, որ Մոսկվայում կայացած բանակցությունների արդյունքում, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ Հայաստանը մտադիր է մտնել Մաքսային Միություն եւ մասնակցել Եվրասիական տնտեսական միության ձեւավորմանը:





























