Ռուսական Cbonds լրատվական գործակալությունը նախատեսում է 2010 թ. հուլիսի 1-ից 2-ը Երեւանում անցկացնել ԱՊՀ եւ Բալթյան երկրների պետական Պարտատոմսային VII կոնգրեսը։

Պարտատոմսային կոնգրեսն անցկացվում է 2004 թվականից եւ յուրաքանչյուր տարի հավաքում է ԱՊՀ եւ այլ երկրների արժեթղթերի շուկաների պրոֆեսիոնալներին։

Ծրագրի ձեւավորման ժամանակ առավել մեծ ուշադրություն է դարձվում այն երկրի արժեթղթերի շուկային, որում անցկացվում է խորհրդաժողովը։ Որպես խորհրդաժողովի անցկացման վայր՝ Երեւանի ընտրությունը արտացոլում է արժեթղթերի շուկայի կարեւորության աճը եւ, մասնավորապես, պարտատոմսերի շուկայի կարեւորությունը երկրի տնտեսության համար։

Խորհրդաժողովը կբացի Հայաստանի արժեթղթերի շուկային նվիրված ընդլայնված մասնաբաժինը, որի շրջանակներում նախատեսված են իշխանության մարմինների ներկայացուցիչների, բանկերի եւ ներդրումային ընկերությունների զեկույցներ։ Խորհրդաժողովն անցկացվում է NASDAQ OMX Armenia-ի աջակցությամբ։

Աշխատանքներին, կազմակերպիչների սպասելիքներով, կմասնակցի 250 մարդ՝ Հայաստանից, Ռուսաստանից, ինչպես նաեւ ԱՊՀ եւ Բալթյան երկրներից։ Խորհրդաժողովին ավանդաբար մասնակցում են բանկերի, ներդրումային ընկերությունների, վարկանիշային գործակալությունների եւ այլ ինստիտուտների ներկայացուցիչներ։