Ռուսաստանը պատրաստ է առաջիկայում բանակցություններ սկսել Վրաստանի հետ առեւտուրը վերականգնելու ուղղությամբ: Նման պատասխան է տվել Ռուսաստանի ԱԳՆ-ն Վրաստանի՝ երկկողմ առեւտրի խնդիրների վերաբերյալ ուղերձին:

ԱՊՀ-ից Վրաստանի դուրս գալուց հետո, ինչպես նշում է Ռուսաստանի ԱԳՆ-ն, մի շարք բազմակողմ համաձայնագրեր դադարեցրել են իրենց գործողությունը: Մասնավորապես, ուժը կորցրել է ապրանքների ծագման հստակեցման կանոնը:

Ռուսական գերատեսչությունները մոտեցումներ են մշակել, որը թույլ է տալիս ելք գտնել ստեղծված իրավիճակից:

Ըստ ՌԴ ԱԳՆ-ի , որոշակի պայմանների ապահովման դեպքում Ռուսաստանը պատրաստ է համապատասխան արտոնագրեր տալ վրացական ապրանքների համար: «Մենք նաեւ անհրաժեշտ ենք համարում արդեն առաջիկայում երկկողմ բանակցություններ սկսել՝ փոխշահավետ առեւտրի վերսկսման համար»,- ասված է հայտարարության մեջ: