Ավելի քան մեկուկես հազար մարդ է հավաքվել այսօր Վլադիվոստոկի կենտրոնական հրապարակում՝ պահանջելու երկրի ղեկավարության հրաժարականն ու «Եդինայա Ռոսիային» զրկել կառավարող կուսակցության կարգավիճակից, հաղորդում է K2K-ն: Ոստիկանության տվյալներով՝ հանրահավաքին մասնակցում են ընդամենը 300 հոգի:

Բողոքի գործողությանը մասնակցել են ՌԴԿԿ, «Յաբլոկո», «Արդար Ռուսաստան», «Վագր» հասարակական կազմակերպության եւ այլ շարժումների ակտիվիստներ:

Ցուցարարները հանդես են եկել բնակարանային բարձր սակագների, պարենամթերքի գների աճի դեմ, նաեւ պահանջել են ներմուծված մեքենաների մաքսատուրքերի նվազեցում:

Մարդիկ հավաքվել են հակակառավարական կարգախոսներով, նաեւ կոչ անելով պաշտոնանկ անել երկրի եւ տարածաշրջանի ղեկավարությանը, վերադարձնել նահանգապետերի ընտրության կարգը:

Ինչպես նշում է «Էխո Մոսկվին», ցույցն ավարտվել է առանց միջադեպերի: