Լեռնային Ղարաբաղի N զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանի մահվան պատճառ հանդիսացած կրակոցի հեղինակ. զինծառայող Տիգրան Մելիքի Հակոբյանին կկալանավորեն: Այս մասին հայտնեցին NEWS.am-ի աղբյուրները:
Նախնական տեղեկություններով՝ զինծառայողների միջեւ որեւէ վիճաբանություն չի եղել, Տիգրան Հակոբյանը ձայներ է լսել, մտածել է, թե հակառակորդն եւ կրակոցներ է արձակել, որոնք դիպել են ծառայակից զինծառայողին:
Ի դեպ, Տիգրան Հակոբյանը զորակոչվել էր 2011թ աշնանը Սիսիանի զինկոմիսարիատից, նա արդեն պետք է զորացրվեր:
Ինչ վերաբերում է մահացած զինծառայողին՝ Խաչատուր Խաչատրյանին, ապա նա Երեւանից էր, զորակոչվել էր 2012թ աշնանը: Մեզ հայտնի է դարձել, որ նա ընտանիքում կրտսերն էր, ընդունվել էր Հայաստանի պետական ագրարային համալսարան, 1-ին կուրսի ուսանող էր, ուներ իրենից մեծ եղբայր, հայրը գտնվում է արտագնա աշխատանքի մեջ: Ընտանիքը Երեւանում բնակվում է վարձով:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 15-ին, Արցախի դիրքերից մեկում զինվորի մահվան դեպքի մասին: ՀՀ ՊՆ քննչական ծառայության ավագ սպա Մերի Սարգսյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ սեպտեմբերի 15-ին, ժամը 03.10-ի սահմաններում N զորամասի մարտական դիրքերից մեկում ժամկետային զինծառայող, շարքային Տիգրան Մելիքի Հակոբյանի կողմից արձակած կրակոցների հետեւանքով մարմնական վնասվածքներ է ստացել նույն զորամասի ժամկետային զինծառայող, շարքային Խաչատուր Կորյունի Խաչատրյանը:
Ստացած մարմնական վնասվածքներից վերջինս ժամը 05.00-ի սահմաններում զինվորական հոսպիտալում մահացել է:
Փաստի առթիվ ՀՀ ՊՆ քննչական ծառայությունում ՀՀ ՔՕ-ի 365 հոդվածի 3-րդ մասով (մարտական հերթապահության կամ մարտական ծառայություն կրելու կանոնները խախտելը, որն առաջացրել է ծանր հետեւանքներ) հարուցվել է քրգործ, կատարվում է նախաքննություն:





























