Ապրիլի կեսերին ռուսաստանյան հանձնաժողովը կայցելի Ադրբեջան՝ համաձայնեցնելու երկրների միջեւ սահմանազատման հարցերը: Այդ մասին մարտի 20-ին լրագրողներին հայտնել է Ադրբեջանի հողի եւ քարտեզագրության պետական կոմիտեի ղեկավար Ղարիբ Մամեդովը:

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Trend News-ը, Ադրբեջանի եւ Ռուսաստանի միջեւ 490 կմ երկարությամբ սահմանի վրա դեռ չեն համաձայնեցվել երեք հատվածներ:

Մամեդովի խոսքով, ներկայումս աշխատանք է ընթանում փորձագետների մակարդակով եւ քննարկում՝ հանձնաժողովների մակարդակով:

Ինչ վերաբերում է Ադրբեջանի եւ Վրաստանի սահմանազատմանը, պետկոմիտեի նախագահը նկատել է, որ Ադրբեջանի փորձագիտական խումբը վրացի գործընկերների հետ այցելել է վիճելի տարածքները. «Մենք նյութեր ենք պատրաստել ինչպես քարտեզագրական, այնպես էլ փաստացի վիճակի»: Նա նշել է, որ առաջիկայում սպասվում է վրացական հանձնաժողովի այցը: