Այսօր Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը գտնվում է կարգավորման կարեւոր փուլում։ Մարտի 20-ին այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը՝ ելույթ ունենալով Բաքվի կենտրոնում Նովրուզ Բայրամի առթիվ կազմակերպված միջոցառմանը։
«Այսօր մենք գտնվում են հակամարտության կարգավորման վճռորոշ փուլում։ Կարելի է ասել, որ բանակցությունների հիմնական մասն արդեն ավարտվել է։ Առաջ քաշված առաջարկները, մի քանի բացառությամբ, համապատասխանում են Ադրբեջանի շահերին, ապահովում են տարածքային ամբողջականությունը, բռնազավթված տարածքների վերադարձը Ադրբեջանին»,-հայտարարել է Ալիեւը։
Ընդ որում, նրա խոսքով, Ադրբեջանը բանակցությունների ժամանակ ոչ մի քայլ չի զիջել իր սկզբունքային դիրքորոշումից։ «Մենք այսօր էլ հավատարիմ ենք մեր դիրքորոշմանը։ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է վերականգնվի, „բռնազավթած ուժերին“ պետք է դուրս բերել բոլոր „բռնազավթված տարածքներից“, որտեղ պետք է վերադառնան Ադրբեջանի քաղաքացիները։
Անհրաժեշտ է վերականգնել հաղորդակցությունը եւ , եւ Լեռնային Ղարաբաղում ապրող հայերի, եւ անշուշտ ադրբեջանցիների համար, ովքեր անպայմանորեն պետք է վերադառնան այնտեղ, եւ Ղարաբաղը կստանա ինքավար պետության բարձր կարգավիճակ»,-ընդգծել է Ալիեւը։
Նրա խոսքով, ապագայում պարզ կլինի, թե հատկապես ինչպիսի՞ն կլինի այդ կարգավիճակը։ «Խոսք չի կարող լինել Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի մասին Ադրբեջանի սահմաններից դուրս։ Դա չի լինի ոչ վաղը, ոչ էլ 100 տարի հետո, երբեք էլ չի լինի։ Մենք չեն կարող դա ընդունել, եւ դա մեր սկբունքային դիրքորոշումն է։ Լեռնային Ղարաբաղը երբեք անկախ չի լինի։ Ադրբեջանը երեբեք չի ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,-ընդգծել Ադրբեջանի նախագահը։ Ալիեւը հավաստիացրել է, որ Ադրբեջանը կընդլայնի իր դիվանագիտական ջանքերը եւ դրա հետ մեկտեղ կօգտագործի իր բոլոր հնարավորությունները՝ երկիրը քաղաքականապես, տնտեսապես եւ ռազմական առումով ուժեղացնելու համար։
«Մենք չենք թաքցնում դա, քանի որ Ադրբեջանը ապրում է պատերազմի պայմաններում։ Եւ պատահական չէ, որ մեր պետական ծախսերի մեծ մասը ուղղված է պաշտպանությանը։ Բնականաբար, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումից հետո անհրաժեշտություն չի լինի կատարել ռազմական այդքան մեծ ծախսեր»,- 1news.az-ի հաղորդմամբ, հայտարարել է Ալիեւը։
Ադրբեջանի այս բացահայտ ցինիզմը նորություն չէ հայերի համար։ Սակայն զարմանալին այն է, որ ո՛չ մեր պետական կամ դիվանագիտական մարմինները, ո՛չ էլ նույնիսկ լրատվամիջոցները գրեթե երբեւէ հարկ եղած կոշտությամբ չեն արձագանքել նման ոտնձգություններին։ Մեր չափից դուրս «համեստությունը» ընկճում է ժողովրդի ոգին։ Հասկանալի է, որ մենք մեզ չենք կարող թույլ տալ վայրահաչոցներին վայրահաչոցով պատասխանել, սակայն եթե դիմացինդ վերջնագիր է ներկայացնում քեզ, ուրեմն պետք է գոնե նրան մատչելի լեզվով հասկացնես, որ 1994 թվականին վերջակետ է դրվել ադրբեջանական վերջնագրերին, նոր վերջնագրերը Լեռնային Ղարաբաղում անվավեր են համարվում։ Ադրբեջանի գնացքը վաղուց արդեն մեկնել է, իսկ Ղարաբաղը վաղուց անկախ պետություն է։ Եւ մեր ժողովուրդը հարկ եղած դեպքում կգտնի բավարար ուժ եւ կամք փակելու վայրահաչողի բերանը…թե չէ լռում ենք, իսկ միջազգային հանրությունն էլ, ինչպես հայտնի է, մեր համեստ լռությունը համաձայնության նշան է ընկալում։



























