Ռուսաստանի նախագահի ավելի ակտիվ քաղաքականությունը կովկասյան ուղղությամբ վերջին ժամանակներում տարածաշրջանում ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտարարել է Աշխարհաքաղաքական վերլուծության եվրոպական կենտրոնի տնօրեն, քաղաքական գիտությունների թեկնածու Մատեուշ Պիսկորսկին՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ԱՄՆ-ի համեմատ Ռուսաստանի հաջող քաղաքականությանը:
Նրա խոսքով, իրականում Մաքսային Միությանն անդամակցելու եւ եվրասիական ինտեգրմանը մասնակցելու մտադրության մասին Հայաստանի նախագահի հայտարարությունը հետխորհրդային միջավայրում ինտեգրացիոն գործընթացների կարեւոր քայլ է: «Կարելի է նույնիսկ ասել, որ Հայաստանը տեսակարար առաջընթաց է կատարել, եւ ես ենթադրում եմ, որ Հայաստանից հետո մյուս հետխորհրդային պետությունները լրջորեն կդիտարկեն Եվրասիական տնտեսական միության ինտեգրման գործընթացներին անդամակցելու հարցը, որոնց մասին հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը»,- կարծիք է հայտնել Մատեուշ Պիսկորսկին:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 3-ին Մոսկվայում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին հանդիպելուց հետո, Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտադիր է անդամակցել Մաքսային միությանը:





























