Աբովյան-Կորյուն խաչմերուկում արտահոսքի պատճառով Երեւանի փոքր կենտրոնը ժ. 12.00-ից մինչեւ 15.00-ն ջրազրկված էր: NEWS.am-ի թղթակցին «Երեւան Ջուր» ընկերության ներկայացուցիչ Մուրադ Սարգսյանն ասաց, որ Աբովյան-Կորյուն խաչմերուկում ջրի արտահոսք է նկատվել, հնարավոր վթարի ազդանշան է ստացվել: «Երեւան Ջուր» ընկերության վթարային խումբը մեկնել է դեպքի վայր»,- նշել է նա՝ հավելելով, որ վնասվել է 409 մմ տրամագծով խողովակը, որը բավական կարեւոր դերակատարում ունի քաղաքի կենտրոնի ջրամատակարարման գործում:
«Բնականաբար, իսկույն համապատասխան աշխատանքներ են սկսվել, եւ արդեն ժամը 15:00-ին ջրամատակարարումը վերականգնվել է», - ընդգծել է Մուրադ Սարգսյանը:
Նշենք, 2 օր առաջ քաղաքի կենտրոնի ջրամատակարարումը կրկին մի քանի ժամով դադարեցվել էր: Պատճառը եղել էր ջրի ճնշման կարգավորիչի անսարքությունը:





























