Հայաստանի ԱՆ դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայությունը կոչ է անում «Օլիմպ» արտադրական կոոպերատիվի ներկայացուցիչներին զերծ մնալ անհիմն մեղադրանքներից, կամ էլ բավարար ապացույցներ ունենալու դեպքում խնդիրները լուծել դատական կարգով: Յադ մասին NEWS.am-ին հայտնեց ԴԱՀԿԾ մամուլի քարտուղար Ռուբեն Գրդզելյանը:
Նրա խոսքով, Միլանո՚ խանութ-սրահի հետ կապված հարկադիր կատարողական գործողությունները մամուլում դարձել են շահարկման առարկա: «Այդ գործով մի կողմը, հավանաբար, դժգոհ լինելով մյուս կողմից, փորձում է ԴԱՀԿ ապահովող ծառայությանը անտեղի մեղադրել անօրինական գործողությունների մեջ»,- նշեց մամուլի քարտուղարը:
«Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանի կողմից տրված կատարողական թերթերի համաձայն ԴԱՀԿ ապահովող ծառայությունում հարուցվել է երկու վարույթ, որոնց համաձայն, 03.03.2010թ. կայացվել է որոշում այն մասին, որով պարտապանը պարտադրվել է կատարել որոշակի գործողություններ: Այսպես՝
1.Պարտադրել „Օլիմպ“ արտադրական կոոպերատիվի սեփականատեր Հովհանես Ղուկասյանին մինչեւ 12.03.2010թ. „Ավո Ֆ.Մ.Հ“ ընկերության հետ բացառիկ` գերակա հանրային շահ ճանաչված` Երեւան քաղաքի Աբովյան 4 հասցեում գտնվող, նրան սեփականության իրավունքով պատկանող անշարժ գույքի օտարման վերաբերյալ կնքել պայմանագիր: Օտարման դիմաց գումարի փոխհատուցման չափը` 207 միլիոն 282 հազար դրամ:
2. Զբաղեցված տարացքից վտարել եւ անշարժ գույքի նկատմամբ սեփականության իրավունքը դադարեցնել:
Մարտի 4-ին պարտապանին փոստով ուղարկվել է հարկադիր կատարողի որոշումները, այդ թվում որոշակի գործողությունների պարտադրման որոշումը (ազատել տարածքը եւ կնքել պայմանագիր): Այնուհետեւ, մարտի 9-ին պարտապանին առձեռն հանձնվել է վտարման օրվա ժամի մասին գրությունը, որը նա հրաժարվել է ստանալ: Դրա վերաբերյալ կազմվել է համապատասխան տեղեկանք:
Քանի որ պարտապանը հրաժարվել է ինքնակամ տարածքից հանել իրեն պատկանող գույքը, մարտի 10-ին եւ 11-ին դա արվել է հարկադրաբար: Ընդ որում, գույքի հաշվառմանը եւ դուրս բերմանը մասնակից են եղել պարտապանը, իր ներկայացուիցիչները ու ընթերակաները: Գույքը դուրս է բերվել տարածքից եւ ի պահ է հանձնվել պարտատեր „Ավո Ֆ.Մ.Հ“ ընկերության լիազորված ներկայացուցիչին, վերջինիս պատասխանատվությամբ „ԴԱՀԿ մասին“ օրենքի 64 հոդվածի 3 կետի համաձայն` ՙՀարկադիր կատարողը վտարումը կատարում է գույքի պարտադիր գույքագրմամբ: Անհրաժեշտության դեպքում հարկադիր կատարողը ապահովում է պարտապանի գույքի պահատվությունը՚: Վերջինիս անհրաժեշտությունը ծագել էր այն պատճառով, որ պարտապանը, իր խոսքերով, գույքը այլ վայրում պահեստավորելու հնարավորություն չուներ:
Պարտապանը, ինչպես նաեւ հաշվառմանը մասնակցող նրա ներկայացուցիչները հրաժարվել են հաշվառման արձանագրությունների տակ ստորագրելուց, պատճառաբանելով, որ գույքի հաշվառման ընթացքում թույլ են տրվել օրենքի խախտումներ: Սակայն գրավոր հրաժարականի մեջ չեն նշել, թե որ օրենքի որ հոդվածն է խախտվել:
Մարտի 12-ին Հ.Ղուկասյանը խնդրել է գույքագրման գործընթացը դադարեցնել, քանի որ մնացած գույքը նա ցանկանում է վտարման ենթակա տարածքից հանել ինքնակամ: Մարտի 16-ին պահանջատերը` „Ավո Ֆ.Մ.Հ“ ընկերությունը դիմել է ԴԱՀԿ ապահովող ծառայություն եւ խնդրել կարճել կատարողական վարույթները:
Այսպիսով, փաստում ենք, որ կատարողական գործողություններն ամբողջովին իրականացվել են կատարողական թերթերի տրամաբանության եւ էության ներքո, ինչպես նաեւ օրենքների պահանջներին համապատասխան, իսկ ընկերության կողմից տեւական ժամանակ դատարան չդիմելու փաստը վկայում է այն մասին, որ հնչեցված մեղադրանքները լոկ խոսքեր են»,- ամփոփեց Գրդզելյանը:



















