Գլխավոր դատախազի  պաշտոնում թեկնածուի անձի հետ կապված խնդիրներ չկան: Այս մասին սեպտեմբերի 27-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ՀՅ Դաշնակցության խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ գլխավոր դատախազի թեկնածու Գեւորգ Կոստանյանի հետ հանդիպումից հետո:

«Մեր դժվարությունների եւ դժբախտությունների պատճառը այն է, որ այսօրվա դրությամբ երկրում նախագահական կառավարման համակարգ է: Խնդիրները կլուծվեն, եթե լինի իշխանության ապակենտրոնցված համակարգ: Չեմ հավատում, որ ինչ- որ քաջագործ գա եւ փոխի համակարգը: Մեզ համակարգային բարեփոխումներ են անհրաժեշտ»,-ասել է Ռուստամյանը:

Ի պատասխան այն հարցին, թե ում թեկնածությունն է նրանց համար ավելի ընդունելի՝ Կոստանյանի, թե նախկին գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի, Ռուստամյանն ընդգծել է, որ նախկին դատախազն ավելի փորձառու էր, եւ չնայած, որ Կոստանյանն ավելի քիչ փորձ ունի, նա նորարարական մոտեցումներ ունի համակարգի արդիականացման հարցում:

Իր հերթին ԲՀԿ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանն ընդգծել է, որ Կոստանյանի հետ զրույցում նա որոշ հարցերի պատասխաններ է ստացել, սակայն դեռ որոշում չի կայացրել կողմ կքվեարկի, թե դեմ. «Կարծում եմ միասնական որոշում կկայացնենք»: