Սանկտ Պետերբուրգում պարզել են երկու դեռահասների անձը, որոնք ծաղր ու ծանակի են ենթարկել դպրոցականին եւ ստիպել, որ նա ծնկաչոք արտաբերի՝ «Անժի՝ չեմպիոն» բառերն ու վիրավորի ռուսներին:
Սկանդալային տեսագրության՝ ինտերնետում հայտնվելուց հետո, գրեթե անմիջապես պարզվել է, որ դեռահասներից մեկը ծնունդով Ուզբեկստանից է, մյուսը՝ Դաղստանից, որը Պետերբուրգում հյուրընկալվում է բարեկամների մոտ:
Խուլիգանի բարեկամները հրաժարվել են նրան ոստիկանությանը հանձնել, «Ինտերֆաքսին» են հաղորդել քաղաքային դատախազության մամուլի ծառայությունից:
Դատախազությունում նաեւ հավելել են, որ եթե պարզվի, որ երկրորդ երիտասարդը հանցակից է աշակերտին ծաղր ու ծանակի ենթարկելուն, նա կարող է դատապարտվել ազգային ատելության դրդապատճառներով ծեծի ենթարկելու հոդվածի համաձայն:
Ինչպես ավելի վաղ հայտնել էր NEWS.am-ը, Պետերբուրգում նոր սկանդալ է հասունանում՝ ազգամիջյան երանգավորմամբ: Ինտերնետում տեսագրություն է հրապարակվել, որում անհայտ անձինք ծեծի են ենթարկում մի դեռահասի եւ ստիպում, որ նա վիրավորի ռուսներին:
Սանկտ Պետերբուրգում աշակերտին ծեծի են ենթարկել՝ պահանջելով, որ նա ասի «Անժի՝ չեմպիոն»





























