Մեսիին ու Նեյմարին այնքան էլ դուր չի գալիս, երբ իրենց փոխարինում են, ասել է կատալոնական «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Խերարդո Մարտինոն: Արգենտինացի մասնագետի խոսքով՝ նա պարբերաբար կատարելու է ռոտացիաներ, թեեւ դա այնքան էլ դուր չի գալիս որոշ ֆուտբոլիստների:

«Մեսիին ու Նեյմարին այնքան էլ դուր չի գալիս, երբ իրենց փոխարինում են: Ինյեստան, Չավին ու Ֆաբրեգասը նույնպես չեն սիրում նստել պահեստայինների նստարանին: Սակայն ինձ թիմ են հրավիրել, որպեսզի կայացնեմ որոշումներ, եւ ես պատրաստվում եմ ռոտացիա կտարել նաեւ ապագայում: Նրանք կհասկանան ինձ»,- Մարտինոյի խոսքը մեջբերում է Marca-ն:

Հիշեցնենք, որ Մարտինոյի գլխավորությամբ «Բարսելոնան» 6 անընդմեջ հաղթանակ է տարել Պրիմերայում եւ Մադրիդի «Աթլետիկոյի» հետ գլխավորում է մրցաշարային աղյուսակը: Եթե կատալոնացիները սեպտեմբերի 28-ին հաղթեն «Ալմերիային», ապա դա կլինի լավագույն մեկնարկը թիմի պատմության մեջ: