Մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ, ՀՀԿ-ից առաջադրված պատգամավորի թեկնածու Արմեն Կարապետյանը շատ ուրախ է թիվ 38 ընտրատարածքում ստացած իր ձայների համար, եւ կարծում է, որ դրանք օրինական են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Արմեն Կարապետյանը:
«Սա եւ թիմի արդյունքն էր, եւ քարոզարշավի արդյունքն էր, եւ իմ քաղաքապետ աշխատած տարիների արդյունքն էր, որ ասենք ինձ վստահել են: Քարոզարշավի ժամանակ ես զգացի, ժողովուրդը որ ինձ նայում էր, ես զգում էի, որ ես բարձր տոկոս եմ հավաքելու, գիտեի, որ 80-ին մոտ կլիներ, 85-ը ավելի լավ է»,- ասաց նա:
Նա պատրաստվում է շփվել ընտրողների հետ, նրանց շնորհակալություն հայտնել վստահության քվեի համար, իսկ ԱԺ-ում աշխատանքները սկսելուն պես պատրաստվում է առաջ տանել քարոզարշավի ժամանակ սյունեցիների կողմից բարձրացված խնդիրները, որոնք գրառել է: «Սկսեմ օրենսդրական նախաձեռնություններով հանդես գալ, որ արդարացնեմ ժողովրդի կողմից ինձ տրված քվեն»,-նշեց նա: Հարցին, թե Վահե Հակոբյանից լա՞վ պատգամավոր եք լինելու, նա պատասխանեց. «Ես այն եմ անելու, ինչ ես հասկանում եմ, ինչ իմ փորձն է, Վահե Հակոբյանը իրենն է արել, վատ չի աշխատել, ինքը կապանցիների, Սյունիքի մարզի դեսպանն է, շատ մարդկանց է օգնել, ես էլ կարծում եմ նույնը կշարունակեմ, ինչքանով փորձս հերիքի, կանեմ, մրցակցություն չի, որ ասեմ ես շատ անեմ, ինքը՝ քիչ»:
Իսկ թե ինչն է պատճառը, որ տարիներ առաջ քաղաքապետի ընտրություններին պարտվել էր ՀՅԴ-ի թեկնածու Արթուր Աթայանին, այժմ հաղթանակ է տանում պատգամավորական ընտրություններին, նա նկատեց, որ երկու անգամ հաղթել է Արթուր Աթայանին, երրորդ անգամ պարտվել է չնչին տոկոսով: «Հենց նույն Աթայան Արթուրը իմ թիմի մեջ է, ինձ է օգնում, դրա համար մենք միասին այդպիսի տոկոսներ ենք հավաքել»,-ասաց թեկնածուն:
Նա հերքեց մրցակից թեկնածու Սամվել Հայրապետյանի տեղեկությունները, թե «վարչական ռեսուրս են կիրառել, Մաքսիմի լծակն են օգտագործել, կաշառք են բաժանելու, բակերում մարդկանց խորովածով «պատիվ են տվել»»: Արմեն Կարապետյանը կարծիք հայտնեց, որ այդպես մրցակից թեկնածուն փորձում է արդարացնել իր ստացած քիչ քվեները: «Էնքան էր ժողովուրդը ուրախացել, իրենց համար թաղերում կարող է ուրախանում է: Ինչ վերաբերում է ընտրակաշառքին, խորհուրդ կտամ նման բաներով չզբաղվել, դա վիրավորանք է մեր ժողովրդին: Մեր ժողովուրդը ճիշտ ընտրություն է կատարել: Էդ ռեսուրսը որ օգտագործեն, նախ չեն օգտագործել, եթե օգտագործեն, դա ընդամենը 5-6 տոկոս տարբերություն է տալիս, 85 տոկոսը ոչ ընտրակաշառքի, ոչ ռեսուրսի երեւույթ է, բնակչության կողմնորոշվածության խնդիր է: Ես իրենց խորհուրդ կտամ շատ գեղեցիկ կարգով գան մեր գրասենյակ, ինձ շնորհավորեն, ձեռք բռնեն եւ դրանով իրենք անմիջապես կդառնան ճիշտ քաղաքական ուժ: Երբ 2008թ պարտվել եմ Արթուր Աթայանին, երկու օր հետո տեղական հեռուստատեսությամբ ելույթ եմ ունեցել, շնորհավորել նրան, ժողովուրդը սկսեցին ինձ հարգել հենց այդ երեւույթի պատճառով»,- ասաց Արմեն Կարապետյանը:
Նա մանրամասնեց, որ Կապանում նման սովորություն կա, «անկախ ընտրությունից, երբ էլ գնաս, մարդիկ նստում են բակերում, նարդի են խաղում, շախմատ են խաղում, մի քանի բաժակ էլ խմում են, իրենց հալալ, սուտ-մուտ բաներ են ասել, ոչ մի սալյուտ էլ չենք արել, համեստ կերպով ժողովրդի հետ աշխատել ենք, վստահություն ենք ձեռք բերել»:
Հարցին, թե ինքը Սերժ Սարգսյանից լավ թեկնածու է, որ վերջինս Րաֆֆի Հովհաննիսյանին Կապանում պարտվել էր, իսկ ինքը, լինելով ՀՀԿ-ական, հաղթում է, նա պատասխանեց. «Չէի ասի, թե դրանք «Ժառանգության» ձայներն են, դրանք «Ժառանգության» ձայները չեն: Այնուամենայնիվ, նախագահը լավ ձայներ է հավաքել, եւ պետք էլ չէր, որ ինքը 85 տոկոս ձայն հավաքի, մեր երկրի պայմաններում դա աբսուրդ է, ոչ մի նախագահ 85 տոկոս ձայն չի ստանում, նախագահների թիվը լինում է 52,53,54, դա ընդունելի է բոլոր երկրներում»,- ասաց նա:
Հիշեցնենք, որ Սյունիքի թիվ 38 ընտրատարածքում խորհրդարանական արտահերթ ընտրություններում հաղթել է ՀՀԿ-ական թեկնածուն: Մարզպետի նախկին խորհրդական, Կապանի նախկին քաղաքապետ Արմեն Կարապետյանը ստացել է 20 հազար 744 ձայն, իսկ «Ժառանգությունից» առաջադրված Սամվել Հայրապետյանը՝ 3555 ձայն:
Ընտրողների թիվը 50 հազար 370 է, անվավեր քվեաթերթիկները՝ 1037 էին:
Լուսանկարը` «Առավոտի»





























