Թեեւ գրեթե բոլոր պատգամավորների համար գլխավոր դատախազի պաշտոնի հավակնորդի թեկնածությունն ընդունելի է, չի բացառվում, որ, ելնելով իրենց քաղաքական պատկերացումներից, մի շարք պատգամավորներ Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը դեմ քվեարկեն: Այս մասին NEWS.am-ի թղթակցին է հայտնել իշխող ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ անդրադառնալով Գեւորգ Կոստանյանի թեկնածությանը, որն այսօր ԱԺ-ում հանդիպել է ՀՀԿ պատգամավորների հետ:
«Ինձ հայտնի են Կոստանյանի եւ բոլոր խորհրդարանական խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների արդյունքները: Գրեթե բոլոր պատգամավորները դրական են տրամադրված նրա թեկնածության նկատմամբ: Սակայն չի բացառվում, որ քաղաքական պատկերացումներից ելնելով՝ ոմանք Կոստանյանի դեմ քվեարկեն»,-ասել է Սահակյանը; Նա նաեւ հավելել է, որ գլխավոր դատախազի պաշտոնի հետ կապված քվեարկությունը տեղի կունենա հոկտեմբերի 1-ին:





























