Համաներումը երկրի սոցիալ-տնտեսական կյանքում դրական տեղաշարժերի կհանգեցնի, այդ պատճառով էլ այն անցկացնելու նախագահի առաջարկը դրական է ընդունվում: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում հայտնել է Հայաստանի Հանրապետական կուսակցության խորհրդարանական խմբակցության ղեկավար Գալուստ Սահակյանը՝ նշելով, որ համաներման մասին առաջարկի քննարկումը փակ ռեժիմով տեղի կունենա: 

Ըստ Սահակյանի` առաջին հերթին հարցը քննարկվելու է Պետաիրավական հարցերով  խորհրդարանական հանձնաժողովում, որից հետո` խորհրդարանի լիագումար նիստում: Ի պատասխան  հարցին, թե ում կվերաբերի համաներումը, Սահակյանը նշել է, որ առաջարկը միայն այսօր է  ներկայացվել  խորհրդարան, եւ պատգամավորները դեռ չեն հասցրել ծանոթանալ դրան: 

NEWS.am-ն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանի նախագահը Ազգային ժողովի քննարկմանն է ներկայացրել համաներում հայտարարելու առաջարկ` անկախության հռչակման 22-ամյակի կապակցությամբ: 

Հիշեցնենք, որ Հայաստանում նախորդ անգամ համաներում եղել էր 2011թ.: Այն ժամանակ որոշումը կայացվել էր մայիսի 25-ին` անկախության  կայանալիք 20-ամյա հոբելյանի առիթով: Համաներումը վերաբերել էր նաեւ 2008թ. մարտի 1-ի գործով անցնող Սասուն Միքայելյանին եւ Նիկոլ Փաշինյանին:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/ NEWS.am