Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի դեմ հարուցված քրեական գործը կարճվել է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Գագիկ Սահակյանը:
Նա նշեց, որ սեպտեմբերի 4-5-ին ծանուցագիր է ստացել, որտեղ ասվել է, որ քրեական գործը կարճել են ապացույցներ չլինելու պատճառով:
Ինչ վերաբերում է քաղաքապետի՝ «խոստացած բացահայտումներին» եւ թե ինչ խնդիրներ ունի իր դեմ բողոքած քաղաքացին, Գագիկ Սահակյանը պարզաբանեց, որ որեւէ խնդիր չունի, չի էլ ճանաչել նրան, պարզապես վերջինիս բարկացել է այն, որ քաղաքապետը բնակիչների հետ օրենքով է վարվել:
«Ես իր եղբորը գիտեմ, մի տուն է ստացել, ուզում է՝ երկրորդն էլ ստանա, որը օրենսդրությամբ արգելված է»,- ասաց քաղաքապետը՝ կարծիք հայտնելով, որ գուցե հենց սա է պատճառը, որ նրա եղբայրը փորձում է մրոտել իրեն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Սպիտակի բնակիչ, 71-ամյա Լեւիկ Մարյանը դիմել է ոստիկանության Սպիտակի բաժին եւ հայտնել, որ հուլիսի 9-ին, ժամը 14:40-ի սահմաններում, Տեր-Սիմոնյան փողոցում կենցաղային հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ Սպիտակի քաղաքապետ, 48-ամյա Գագիկ Սահակյանը հարվածել է իրեն: Հարվածի հետեւանքով վերջինս վայր է ընկել եւ ստացել մարմնական վնասվածք: Լեւիկ Մարյանին տրվել է դատաբժշկի ուղեգիր, հանգամանքները պարզվում են:
Դեպքի առթիվ Լոռիի դատախազությունում քաղաքացու կողմից ստացված ահազանգի հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 118-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ Սպիտակի քաղաքապետ Գագիկ Սահակյանի նկատմամբ: Այդ հոդվածով սահմանվել է ծեծելը կամ այլ բռնի գործողություններ կատարելը, այն պատժվում է տուգանքով` նվազագույն աշխատավարձի առավելագույնը հարյուրապատիկի չափով, կամ կալանքով` առավելագույնը երկու ամիս ժամկետով:





























