Ռուսական dissernet.org կայքը, որը մասնագիտացած է Ռուսաստանում գիտական աստիճան ստացած անձանց ատենախոսությունները ուսումնասիրելու եւ բացահայտելու գործում, նախորդ օրը հրապարակել է հայ գործարար «Միկա Լիմիթեդ» ընկերության սեփականատեր Միխայիլ Բաղդասարովի «գիտական աշխատանքի» մանրամասն ուսումնասիրությունը։ Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» թերթը եւ հավելում. «2008թ. Բաղդասարովը պաշտպանել է «Մասնավոր կապիտալը կորպորատիվ հարաբերությունների համակարգում» թեմայով ատենախոսությունը եւ ստացել սոցիոլոգիական գիտությունների թեկնածուի աստիճան։

Կայքում տեղադրվել է նրա 192 էջանոց ատենախոսությունը, որից պարզվում է, որ այն առնվազն 80 տոկոսով կրկնօրինակված է երկու այլ անձանց ատենախոսություններից, որոնք պաշտպանել են 2004 եւ 2006 թվականներին։ Ընդ որում՝ կրկնօրինակումը բառացի է՝ նույնիսկ առանց ստորակետի փոփոխության։

Ըստ  կայքի հրապարակած պաշտոնական տեղեկատվության՝ Բաղդասարովն իր ատենախոսությունը պաշտպանել է Մոսկվայի Լոմոնոսովի անվան պետական  համալսարանում, աշխատանքը իրականացվել է ՌԳԱ Էկոնոմիկայի ինստիտուտում, իսկ «ղեկավար կազմակերպությունը» ՌԳԱ Շուկայի պրոբլեմների ինստիտուտն է»,- գրում է «Հայկական ժամանակը» (Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում):