«Ժառանգության» կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանի՝ կուսակցության ղեկավարի պաշտոնից  հրաժարվելու մասին տեղեկությունները իրականությանը չեն համապատասխանում: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում «Ժառանգություն» կուսակցության քարտուղար, Երեւանի ավագանու  «Բարեւ Երեւան» խմբակցության անդամ Ստեփան Սաֆարյանը նշեց, որ նման հարց կուսակցությունում չեն քննարկվել, ինքը նման խոսակցություններ չի լսել:

Ինչ վերաբերում է աշնանը կայանալիք համագումարին, որտեղ ըստ այդ լրատվամիջոցների, պետք է քննարկվեր նաեւ այդ հարցը, Ստեփան Սաֆարյանը նշեց, որ համագումարը հետաձգվել է կազմակերպչական խնդիրների պատճառով:

«Ունեինք պլանավորված համագումար, բայց հետաձգեցինք առայժմ, կազմակերպչական եւ այլ հարցեր չենք հասցնում: Աշնան սկզբներին պետք է հրավիրվեր, բայց հետո Սյունիքի ընտրություներ եւ այլ բաներ եղան, այժմ հրատապ խնդիր չունենք քննարկելու, օրենքների առումով կաշկանդված չենք, չենք քննարկել՝ երբ կլինի համագումարը»:

Նշենք, որ «Իրատես de facto» թերթը գրում է, որ ըստ «Ժառանգությանը» մոտ կանգնած  աղբյուրների` կուսակցության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը հոգնել է իր նախագահությունից ու հերթական անգամ որոշել է կուսակցության ղեկը թողնել: «Հարցը դեռեւս քննարկվել է հունիսին եւ սպասվում էր, որ մինչեւ հունիսի վերջ կուսակցության նախագահը կփոխվի: Մեզ անհայտ պատճառներով, սակայն, այն հետաձգվել է մինչեւ աշուն: Այսով հանդերձ սպասվում է, որ կուսակցությունը առաջիկայում համագումար կհրավիրի, որի ժամանակ էլ Րաֆֆի Հովհաննիսյանը կհրաժարվի յուր աթոռից:Հայաստանի նախագահական ընտրություններին մասնակցելու րաֆֆիական շրջափուլն իրականում ավարտվել է. նա կարողացավ առաջադրվել, նույնիսկ կես միլիոնից ավելի ձայն հավաքել ու նախագահ ինքնահռչակվել: Ու չնայած սրան, Րաֆֆի Հովհաննիսյանն աշնանը հեղափոխություն է խոստացել: Աշնան մեկ ամիսն անցավ, հեղափոխության հոտը դեռ չի գալիս: Ենթադրում ենք` «Ժառանգության» կուսակցապետը պարզապես մոռացել է նշել, որ հեղափոխությունը ոչ թե երկրում, այլ սեփական կուսակցությունում է լինելու»,- գրում է «Իրատես de facto»-ն: