Օրեր առաջ Ստամբուլի ոստիկանության կողմից թուրքական ֆուտբոլային ակումբների երկրպագուների շրջանում իրականացված գործողությունների արդյունքում ձերբակալված «Բեշիքթաշ»-ի Çarşı  երկրպագուների ակումբի հայազգի առաջնորդ Ալեն Մարկարյաննն  ազատ է արձակվել:

Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ թուրքական դատախազությունը ձերբակալվածներից 21-ին կալանավորման պահանջով ուղարկել է դատարան, իսկ 5 ձերբակալվածի, որոնց թվում նաեւ Ալեն Մարկարյանն է եղել, դատական ստուգումների ենթարկվելու պայմանով ազատ են արձակել:

Ձերբակալվածներին առաջադրվել է 37 մեղադրանք՝ սպանություն, սպանության փորձ, երկրպագուների խմբերի միջեւ զինված բախում, 2 տարբեր ֆուտբոլային ակումբների ղեկավարությանը շանտաժի ենթարկել, հարձակում մի հեռուստաընկերության շենքի դեմ, անվտանգության ուժերի ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու, սեւ շուկայում ֆուտբոլային հանդիպման տոմսեր վաճառողներին ծեծի են ենթարկելու եւ տոմսերը խլելու եւ այլ հանցանքների համար:

Նշենք, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ոստիկանության համաժամանակյա գործողությունների արդյունքում ձերբակալվել են «Բեշիքթաշ», «Գալաթասարայ» եւ «Ֆենեբահչե» ֆուտբոլային ակումբների երկրպագուներ, այդ թվում ֆան ակումբների առաջնորդներին:

«Բեշիքթաշ»-ի Çarşı ակումբը հայտնի է հակակառավարական ցույցերին ակտիվ մասնակցությամբ: Վերջին շրջանում Գեզի այգու իրադարձություններում Çarşı ակումբի անդամներն աչքի են ընկել ոստիկանության բռնությունների դեմ խիստ դիմակայությամբ, նույնիսկ ոստիկաններից խլել էին ջրցան մեքենա:

Ալեն Մարկարյանը ծնվել է 1966-ի հունիսի 30-ին Ստամբուլում։ Ղեկավարում է 1982-ին ստեղծված «Բեշիքթաշ» ֆուտբոլի եւ բասկետբոլի ակումբների երկրպագուների  Çarşı ակումբը, որը աշխարհում հայտնի է տրիբունաներում կազմակերպած յուրօրինակ շոուներով։