Պետք չէ «դրամայի վերածել» Ռուսաստանցի պատգամավոր Վասիլի Լիխաչյովին Վրաստան մուտք գործելն արգելելը, հայտարարել է Վրաստանի արտգործնախարար Մայա Փանջիկիձեն:

Ի պատասխան ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովի՝ Փանջիկիձեն հստակեցրել է, որ Վրաստանում «Օկուպացված տարածքների մասին» օրենք է գործում: Ըստ նրա՝ նշված օրենքը բավական խիստ էր, ու նոր իշխանություններն այն որոշ չափով մեղմացրել են, փոխանցում է «Գռուզիա- Online»-ը:

«Սակայն ոչ ոքի թույլ չենք տա խախտել օրենքը: Եթե մեկն օրենքը խախտելով փորձել է մտնել Վրաստան, ապա Վրաստանը, որպես օրենքը հարգող պետություն, պետք է արձագանքի: Կարծում եմ՝ չարժե հարցը «դրամայի վերածել»», - նշել է Վրաստանի արտգործնախարարը:

Հիշեցնենք, ԵԽԽՎ-ում ՌԴ պատվիրակության ղեկավար Ալեքսեյ Պուշկովը հայտնել էր, որ Լիխաչյովին, որը ընդգրկված էր Վրաստանի նախագահի ընտրություններում ԵԽԽՎ դիտորդական խմբի կազմում, թույլ չէին տվել մտնել Վրաստան՝ նախկինում Աբխազիա եւ Հարավային օսիա այցելած լինելու պատճառով: Պուշկովը հույս էր  հայտնել, որ նոյեմբերին Վիեննայում՝ Ասամբլեայի մշտական հանձնաժողովի նիստում, Վրաստանի դեմ պատժամիջոցներ կսահմանվեն:

Ռուսաստանցի պատգամավորին չեն թողել Վրաստան