Վրաստանի Սամցխե-Ջավախքի եւ Քվեմո Քարթլի տարածաշրջանների հայկական հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների խորհուրդը, վերահաստատել է իր տեսակետը, ըստ որի Վրաստանը պետք է ունենա դաշնային կառուցաձեւ:

«Դաշնային համակարգով Վրաստանը վերակազմավորելու հիմքում դրվելու են երկրում ազգային համախումբ եւ ավանդաբար ապրող ազգությունների առկայությունը, որոնց ազգային, մշակութային եւ քաղաքացիական իրավունքների պաշտպանվածության հիմնական երաշխիք կարող են դառնալ դաշնության սուբյեկտները` ինքնավարութունները: Այդպիսի կարգավիճակի անհետաձգելի պահանջ է զգացվում նաեւ մեր՝ տարածաշրջանում ապրող հայերիս համար»,- նշված է նրանց հայտարարության մեջ:

Նրանց ներկայացմամբ, Վրաստանի դաշնային, ժողովրդավարական կառուցաձեւ ունենալու անհրաժեշտության մասին խոսել են Վրաստանի շատ քաղաքական ու հասարակական գործիչներ: Նման գաղափար առաջ է քաշվել ԱՄՆ փոխնախագահ Բայդենի Վրաստան այցելության ժամանակ, երբ վերջինս ասել է. «Միայն խաղաղ եւ բարգավաճ Վրաստանը կարող է տարածքային ամբողջականությունը վերականգնելու ապագա ունենալ, Աբխազիային եւ Հարավային Օսիային ցույց տալ այնպիսի Վրաստան, որտեղ նրանք կարող են լինել ազատ եւ որտեղ իրենց բնակչությունը կարող է բարգավաճել, որտեղ նրանք կարող են օգտվել դաշնային համակարգի շրջանակներում գործող ինքնավարությունից…»:

«Մենք ողջունում ենք պարոն Բայդենի դաշնային Վրաստան ստեղծելու առաջարկը, որը, համոզված ենք, ԱՄՆ-ի ադմինիստրացիայի կարծիքի արտահայտությունն է: Սակայն նրա ելույթում արհեստականորեն մոռացության մատնվեցին Վրաստանում ապրող այն ազգային փոքրամասնությունները, որոնք ոչ պակաս իրավունքներ ունեն դաշնության անդամ ինքնավարություններ ձեւավորելու խնդրում: Ջո Բայդենի եւ ԱՄՆ-ի վարչակազմի վերոնշյալ գնահատականը մեկ անգամ եւս հաստատում է դեռեւս 20-րդ դարի վերջերից սկսած մեր կողմից Վրաստանի դաշնային կառուցաձեւ ունենալու անհրաժեշտության վերաբերյալ առաջարկությունների նպատակահարմարությունը»,- նշում են հայտարարության հեղինակներն ու հավելում. «Մեր ընտրած քաղաքական պայքարի ճանապարհով մենք ակտիվ մասնակցություն ենք բերելու Վրաստանին դաշնային կառուցաձեւով օժտելու եւ Ջավախքը այդ դաշնության լիիրավ միավոր դարձնելուն ուղղված գործընթացներին: Մեր ընտրած ուղին արդար է եւ ուղղված է Վրաստանը ժողովրդավարական, բարգավաճ, հզոր երկիր ձեւավորելուն:

Համոզված ենք, որ ազգամիջյան փոխհանդուրժողականությունը պարտադիր պահանջ է լինելու Վրաստանի բոլոր ազգությունների քաղաքացիներիս համար»: