Հայաստանի կառավարությունը 2010 թվականը հռչակել է գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղություն, սակայն այդ ուղղությամբ անհրաժեշտ միջոցներ չի ձեռնարկում: Մարտի 24-ին «Դուպլեքս» ակումբում Կառավարության քայլերը անբավարար է գնահատել ԱԺ բնապահպանական եւ գյուղատնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ, դաշնակցական Բագրատ Սարգսյանը:

Դաշնակցական պատգամավորը քննադատել է կառավարությանը՝ հատկապես գյուղատնտեսություններին չսուբսիդավորելու համար:

«2007 թվականին լրավճարներ են տրամադրել, շուրջ 247 միլիոն դրամ հատկացվել է հող օգտագործողներին՝ որպես սուբսիսդիա, առավելապես Արագածոտնի մարզի ցորեն մշակող տնտեսություններին, 2008-ին այդ գումարը դինամիկ աճել եւ է, կառավարությունը 1 մլրդ 594 միլիոն է հատկացրել, 2009 թվականին՝ 1 մլրդ 602 միլիոն, բայց օգտագործվել է 1մլրդ, 582 միլիոնը։ 2010 թվականը հռչակվել է գյուղատնտեսության զարգացման գերակա ուղղություն, բայց բյուջեով, որպես աջակցություն, հատկացվել է 588 միլիոն դրամ։ 1մլրդ 54 միլիոնով այդ գումարը պակասել է, ո՞ր տրամաբանությամբ են հռչակում գերակա ուղղություն, երբ սուբսիդիաները պակասեցվել են»,-բացատրել է Բագրատ Սարգսյանը: Վերջինս ավելացրել է նաեւ, որ 2-րդ տարին է՝ կառավարությունը չի սուբսիդավորում գյուղացիներին՝ պարարտանյութ հատկացնելիս:

«Պետք է պետությունը աջակցի գյուղացիական տնտեսություններին ու ֆերմերներին, որպեսզի նրանք կարողանան ինտենսիվ հողամշակության անցնել, բայց այսօր ոչ մի աջակցություն գյուղացին չի զգում»,-նշել է ԱԺ պատգամավորը: