Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի մոտից  այսօր ժամը 17:00-ին մեկնարկել է «Մի՛ կործանեք իմ ապագան» խորագրով քայլերթ:

Ակցիայի ընթացքում մանակիցները  հարցումների միջոցով փորձել են պարզել, թե մեր քաղաքացիները մուրացիկ երեխաների հանդիպելիս գումար տալիս են, թե ոչ: Արդյունքում 100 հարցվածներից 70-ը պատասխանեցին այո, եւ միայն 30-ը՝ ոչ:

Քայլերթի ընթացքում մասնակիցները փորձել են բացատրել անցորդներին, որ դրանով իրենք ոչ թե նպաստում են նրանց բարեկեցությանը, այլ հակառակը՝ սովորեցնելով հեշտ գումար աշխատել  մղում են փողոց եւ մարում են նրանց մեջ սովորելու, իսկ  հետագայում նաեւ  աշխատելու ձգտումը:

Քայլերթ-ակցիան իրականացվել է «ՍՕՍ մանկական գյուղեր» հայկական բարեգործականկազմակերպության եւ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի «Մի՛ կործանեք իմ ապագան» մուրացիկ երեխաների աջակցության համատեղ ծրագրի շրջանակներում:

Ծրագրի մեկնարկից օրեր առաջ  Պաշտպանի գրասենյակում տեղի էր ունեցել քննարկում, որին ներկա էին Ոստիկանության, Քաղաքապետարանի, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության, ինչպես նաեւ շահագրգիռ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Արդյունքում որոշվել էր, որ երկամսյա ծրագրի ընթացքում կիրականացվեն շրջայցեր մուրացիկության մեջ ներգրավված երեխաներին  հայտնաբերելու եւ, յուրաքանչյուր դեպքին անհատական մոտեցում ցուցաբերելով, խնդիրը լուծելու համար: Իսկ ծրագրի ավարտին հայտնաբերված դեպքերի հիման վրա դուրս կհանվեն գործող մեխանիզմում առկա բացթողումներն ու կմշակվեն նորերը՝ դրանք կարգավորելու համար: