ՄԱԿ-ի մարդու իրավունքների ոլորտի փորձագետներն Ադրբեջանի իշխանություններին կոչ են արել նախագահական ընտրությունների նախաշեմին սատարել իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության կազմակերպությունների աշխատանքին: Այս մասին ասված է ՄԱԿ-ի մամուլի ծառայության տարածած հաղորդագրությունում:
ՄԱԿ-ի ներկայացուցիչները մտահոգություն են հայտնել այն կապակցությամբ, որ երկրում «իրավապաշտպանների եւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների գործունեությանը խոչընդոտող մթնոլորտ է ձեւավորվել»:
Փորձագետներին հատկապես անհանգստացնում են Ադրբեջանում լրագրողներին հետապնդելու եւ վախեցնելու դեպքերը, ներառյալ՝ անհիմն դատական գործերը, հայտնում է Turan-ը:
Նրանք ընդգծել են, որ սահմանափակումները վնաս են հասցնում ամբողջ հասարակությանը՝ հատկապես ընտրությունների համատեքստում:
Հայտարարությունը ստորագրել են իրավապաշտպանների վիճակի հարցով հատուկ զեկուցող Մարգարեթ Սեկագիան, խաղաղ հանրահավաքների եւ միությունների ազատության իրավունքի հարցերով հատուկ զեկուցող Մայնա Կայը եւ կարծիքի ու դրա ազատ արտահայտման հարցով հատուկ զեկուցող Ֆրանկ Լա Ռուեն:





























