Հայ փորձագետ Արկադի Գրիգոորյանը Ադրբեջանի ռազմաօդային ուժերի հրամանատար, գեներալ-մայոր Ալթայ Մեհդիեւին խորհուրդ է տվել տերմինները ճիշտ կիրառել:

Նախօրեին ադրբեջանցի գեներալը, պատմելով իր ղեկավարած կառույցի ձեռքբերումների մասին, մի փոքր գերագնահատել էր դրանք՝ հայտարարելով, որ «Ադրբեջանի ռազմաօդային ուժերը վերահսկում են Հայաստանի տարածքը»:

Մեկնաբանելով այս հայտարարությունը՝ Արկադի Գրիգորյանը հիշեցրել է, որ մի բան է հետախուզելը,  օտար տարածքը «տեսնելը», միանգամայն այլ բան է «վերահսկելը», այսինքն՝ օդային թիրախներ ոչնչացնելու հանրավորություն ունենալը: «Ադրբեջանցիների համար իրականում դա անհնար է», - ընդգծել է Արկադի Գրիգորյանը:

Խոսելով այն պնդման մասին, թե «Ադրբեջանի բանակում գտնվող С-300 զենիթահրթիռային նորացված համալիրները»  ավելի լավն են հայկական բանակի ունեցած С-300 հրթիռներից, Արկադի Գրիգորյանը նշել է, որ դա բնավ էլ փաստ չէ:  «Այդ կապակցությամբ Ալթայ Մեհդիեւին ցանկանում եմ հիշեցնել Արցախյան պատերազմի փորձը: Մեր ունեցած խորհրդային «Կրուգը» ոչնչացրել էր նրանց անխորտակելի համարվող թիրախը: Այնպես որ, ինքներդ եզրահանգումներ կատարեք», - նշել է Արկադի Գրիգորյանը: