Լիտվային պաշտոնապես չի տեղեկացվել հոկտեմբերի 7-ից լիտվական կաթնամթերքի ներկրումը կրճատելու վերաբերյալ Ռուսաստանի մտադրությունների մասին: Այդ մասին հայտնել է Լիտվայի պարենային-անասնաբուժական պետական ծառայության պետ Յոնաս Միլյուսը:
«Պաշտոնական ոչ մի նախազգուշացում մենք չենք ստացել, ամեն ինչ խոսակցությունների մակարդակում է, տեղեկությունը մենք մամուլից ենք իմանում», - ասել է նա հոկտեմբերի 5-ին:
«Դա բարոյականության եւ բարոյագիտության ոչ մի օրենքի չի ենթարկվում: Եթե նման բան արվի, դա չի համապատասխանի միջազգային համաձայնագրերին», - ասել է Միլյուսը:
Ըստ նրա՝ սեպտեմբերի կեսերից Ռուսաստանի ներկայացուցիչները հրապարակավ ամեն անգամ արգելքի նոր պատճառներ են նշում. սկզբում հայտարարել էին, թե հակաբիոտիկներ են հայտնաբերել, հետո՝ միկրոկենսաբանական աղտոտվածություն, երրորդ անգամ՝ պիտակավորումն այն չէ, չորրորդ անգամ՝ կաթի փոշի է օգտագործվում, սակայն դա ոչ ոք չէր ստուգել, հայտնում է DELFI-ը:
Ըստ ծառայության պետի՝ եթե ռուսական կողմը պաշտոնապես Լիտվային տեղեկացներ՝ նշելով խախտում կատարած կոնկրետ արտադրողին, ապա այն ժամանակ ստուգումներ կանցկացվեին, «իսկ հիմա անհասկանալի բաներ են կատարվում»:
Հիշեցնենք, որ «Ռոսպոտրեբնադզոր»-ի ղեկավար Գենադի Օնիշչենկոն հայտնել էր, որ հոկտեմբերի 7-ից կսկսեն Լիտվայից ներկրվող կաթնամթերքի ծավալների կրճատումը:
Ռուսաստանը լիտվական կաթնամթերքի ներկրումը կկրճատի հոկտեմբերի 7-ից





























