Եթե այդ տղաները չլինեին, հաստատ պայթյուն կլիներ եւ վնաս կտար բնակիչներին, որովհետեւ մեքենան կանգնած էր բնակելի տների մոտակայքում՝ թեք հարթության վրա: Այս մասին  NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց  «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանը, ում մեքենան սեպտեմբերի 25-ին հրդեհվել էր:

Նախագահի նախկին թեկնածուի համար առնվազն տարօրինակ է, թե ինչու ԱԻՆ-ի հրդեհ-տեսուչները եկել են 20 րոպե անց, «երբ «Բելաջոյից» մինչեւ Նորքի առաջին խաչմերուկ կարելի է հասնել ավելի քիչ ժամանակում»:

Արամ Հարությունյանի համար տարօրինակ է նաեւ այն, որ դեպքից անմիջապես հետո մի քանի մասնագետներ՝ այդ թվում՝ հրդեհ-տեսուչը, նայելով մեքենան, ասել են, որ այն հրդեհվել է կողմնակի միջամտության արդյունքում, իսկ այժմ ասում են, թե դա ընդամենը էլեկտրական լարերի միացման հետեւանք է:

Դեպքի առթիվ առայժմ նյութեր են նախապատրաստվում, քրեական գործ չկա հարուցված, նշանակված են փորձաքննություններ են:

«Ես այդ տեսուչի հետ խոսել եմ, ասել եմ՝ մինչեւ փորձաքննություն չլինի, որեւէ թղթի տակ չեմ ստորագրի, ասել են՝ երկար կտեւի, ինչ է նշանակում երկար կտեւի, ինչ մի բարդ փորձաքննություն է, որ երկար պիտի տեւի, հիմա ես սպասում եմ փորձաքննության պատասխանին:

Իրենք կոպիտ ասած՝ ուզում են սղացնեն, գնա, ասում են առանց փորձաքննության եզրակացության ստորագրենք ակտի տակ»,- ասաց կուսակցության առաջնորդը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ «Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ, նախագահի նախկին թեկնածու Արամ Հարությունյանի «Գազ 31-10» մեքենան սեպտեմբերի 25-ին, հրդեհվել է։ Հրշեջ-տեսուչը ասել էր, թե մեքենան հրդեհվել է ինչ-որ մեկի միջամտության արդյունքում: