Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը չի ցանկանում մեկնաբանել իր՝ Վճռաբեկ դատարանի նախագահ դառնալու մասին լուրերը:
«Դա հետ կապված որեւէ դատողություն չեմ անում, մեկնաբանություններ չեմ տալիս»,- նշեց նա: Հարցին,թ ե ինչն է պատճառը՝ շատ հավանական բան են գրել, թե անհավանական, ԿԸՀ նախագահը կրկնեց իր դիրքորոշումը, որ հարկ չի համարում նման թեմայի շուրջ խոսել:
Հիշեցնենք, որ «Հրապարակը» գրել էր, որ «որքան էլ խոսվի, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին փոխարինել Դավիթ Հարությունյանով, եւ վերջինիս արդեն Աժ–ում փոխարինողների հավանական անուններ են շրջանառվում, այդուամենայնիվ, Հարությունյանին վճռաբեկի նախագահ նշանակելու համար խոչընդոտներ կան։
Մասնավորապես, Դատական օրենսգրքի 138-րդ հոդվածի 4 կետով ամրագրված է, որ վճռաբեկ դատարանի նախագահ կարող Է աշխատել վերջին 15 տարվա ընթացքում առնվազն 5 տարի դատարանի նախագահ, վերաքննիչ դատարանի դատավոր կամ վճռաբեկ դատարանի պալատի նախագահ աշխատած նախկին դատավորը։ Իսկ Դավիթ Հարությունյանը, ինչպես հայտնի Է, դատավոր չէ եւ երբեք էլ դատարանի նախագահ չի եղել։ Արման Մկրտումյանի փոփոխության պարագայում ամենահավանական թեկնածուն համարվում է ԿԸՀ նախագահ Տիգրան Մուկուչյանը»,–գրել է թերթը։



























