«Էրեբունի-Երեւան 2795» տոնակատարության նախապատրաստական աշխատանքների ընթացքի հետ կապված հարցեր են քննարկվել Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հրավիրած աշխատանքային խորհրդակցության շրջանակում:
Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, թե քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը զեկուցել է, որ արդեն ավարտական փուլում են մայրաքաղաքի արտաքին գեղարվեստական լուսավորության աշխատանքները: Պատասխանատուները վստահեցրել են, որ տոնական Երեւանի հրապարակները, գլխավոր պողոտաներն ու փողոցները երեւանցիներին ու մայրաքաղաքի հազարավոր հյուրերին կներկայանան ինքնատիպ լուսավորությամբ: Զեկուցվել է նաեւ, որ մայրաքաղաքի տոնական ձեւավորման աշխատանքների շրջանակում շարունակվում է 2795-ամյակը խորհրդնշող ցուցապաստառների եւ դրոշների տեղադրման աշխատանքները: Բացի այդ, սահմանված ժամանակացույցի համաձայն է ընթանում նաեւ շուրջ 30 տոնական բեմերի տեղադրման ու կահավորման գործընթացը:
Քաղաքապետ Տարոն Մարգարյանը պատասխանատուներին հանձնարարել է մշտական հսկողության ներքո պահել նախապատրաստական աշխատանքների ողջ ընթացքն ու պարբերաբար զեկուցել կատարված աշխատանքների մասին:





























