Հայաստանի մշակույթի նախարարությունը երկու անգամ մերժել է Փակ Շուկայի վերակառուցման էսքիզները:Այս մասին այսօր լրագրողներին է հայտարարել ճարտարապետ, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի համահեղինակ Սաշուր Քալաշյանը:

«Շուկայի դեպքը միակը չէ՝ մինչ այդ ոչնչացրին Երիտասարդական պալատը եւ «Սեւան» հյուրանոցը: Փակ շուկան այժմ մեզ համար նման է գործող հրաբուխի, այն հուզել է հասարակությանը»,-ասել է Քալաշյանը:

Նա հիշեցրել է, որ մշակույթի նախարարությունը կառուցապատողների դեմ հստակ պահանջներ է դրել. վերակառուցել թույլատրվում էր միայն մսի պասաժը, ինչպես նաեւ ստորգետնյա ավտոտնակ կառուցել հնարավորություն կար: Հիմնական առեւտրի սրահը ձեւափոխել չէր կարելի: «Սեփականատիրոջը առաջարկել էին ներկայացնել էսքիզ, որը կհամապատասխաներ պահանջներին: Նա երկու անգամ ներկայացրել է էսքիզներ, սակայն դրանք պահանջներից շեղված են եղել եւ չեն հաստատվել: Այս մասին մշակույթի նախարարությունում կազմվել է 6-7 արձանագրություն»,-ընդգծել է ճարտարապետը: Նրա խոսքով՝ Երեւանի քաղաքապետարանը երկու անգամ տուգանել է կառուցապատողին: Դրանից հետո շուկան ցանկապատվել է, իսկ մարդկանց մուտքը՝ արգելվել:

Շենքի կառուցապատողը օլիգարխ Սամվել Ալեքսանյանն է: